«Զանգի». Կրթական նոր նախագիծ Սյունիքում
Սյունքի չորս քաղաքներում մեկնարկելու է կրթական նոր նախագիծ՝ «Զանգի»:
«Ծրագրի շրջանակում նախատեսվում է մարզի չորս քաղաքում՝ Սիսիանում, Գորիսում, Կապանում և Մեղրիում հիմնել և շահագործել մեկական կրթական դասարան՝ քաղաքների դպրոցների բազայի հիման վրա», - ասել է Սյունիքի մարզի Զարգացման ու ներդրման հիմնադրամի տնօրեն Զինավոր Մեղրյանը:
Ծրագրի հիմնական նպատակն է բնապահպանական, գյուղատնտեսական և տուրիստական ոլորտներում նպաստել մարզի բնակիչների, մասնավորապես, երեխաների և երիտասարդների գիտելիքի զարգացմանն ու նորարարական հմտությունների ներդրմանը։
Նախատեսվում է, որ դասարաններին կից կառուցվելու են նորարարական՝ ակվապոնիկայի սկզբունքով գործող ջերմոցներ: Դրանք կլինեն որպես կրթական բազա՝ գյուղատնտեսական և բնապահպանական դասընթացների համար։
Հիմնադրամի ղեկավարը մանրամասնում է, որ ծրագրի շրջանակում մշակվելու և ներդրվելու է երեխաների համար նախատեսված «Կենցաղային բնապահպանություն» դասընթացը, «Ակվապոնիկայի սկզբունքով ջերմոցների կառուցում և շահագործում» կիրառական դասընթացը։
Դասընթացի ընթացքում ներկայացվելու են ջերմոցային տնտեսության նորարարական մեթոդը, դրա առավելություններն ու եկամտաբերությունը, բնապահպանական նշանակությունը։ Դասընթացը մշակվելու է համապատասխան մասնագետի կողմից, ամեն դպրոցի համար ընտրվելու է մեկ դասընթացավար, որը դասընթացի հեղինակի կողմից ստանալու է համապատասխան վերապատրաստում:
Ուշագրավ է, որ ծրագրի շրջանակում դպրոց են հրավիրվելու աշակերտների ծնողները։
«Այսինքն՝ բացի դպրոցի բարձր դասարանի աշակերտներից, գործնական գիտելիքներ են հաղորդվելու նաև նրանց ծնողներին։ Այն դեռևս իրականացվում է միայն Կապանի թիվ 1 դպրոցում, բայց հետագայում ծրագրում ներառվելու են նաև Մեղրիի, Գորիսի, Սիսիանի մեկական դպրոցներ», - մանրամասնեց նա:
Ակվապոնիկան նոր տեխնոլոգիայով աշխատող ջերմոց է, որը Հայաստանում վերջերս է սկսել կիրառվել։
«Այն սիմբիոզային միջավայրում ավանդական ջրային տնտեսություն է, որը ապահովում է ջրի, ձկների և բույսերի անմիջական կապը։ Ակվապոնիկա համակարգով աշխատող ջերմոցում բույսերի աճեցման համար հողի փոխարեն օգտագործվում է ջուրը, իսկ բուծվող ջրային կենդանիներից ստացված արտազատումներն անմիջապես օգտագործվում է որպես օրգանական պարարտանյութ», - նշեց Կապանի թիվ 1 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Անահիտ Սիմոնյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան