Եթե փառատոնը կարողանում է միջազգային որակի նոր հնչողություն առաջարկել, մեծագույն հաջողություն է. Սերգեյ Սմբատյան
Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնը։ Այն այս տարի նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին։ Մինչև դեկտեմբերի 11-ը շարունակվող փառատոնի ընթացքում կայանալու են բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային համերգներ, որոնց ընթացքում կհնչեն նաև պրեմիերաներ։
«Կունենանք մատչելի, պոպուլյար, բարդ ծրագրեր, Հայաստան կգան մեզ, աշխարհի համար կարևոր արտիստներ: Եթե մեզ ու աշխարհի համար նույն արտիստներն են կարևոր, նշանակում է, որ մեծ հաջողություն է փառատոնի համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ հավելելով, որ փառատոնի ընթացքում դոմինանտ է լինելու Արամ Խաչատրյանի երաժշտությունը:
Փառատոնը մեկնարկելու է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչի ելույթով՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
«Մեծ ձեռքբերում է: Շատ եմ կարևորում այդ համերգը, քանի որ կան արտիստներ, ծրագրեր, որոնք հայտնի են աշխարհում, հետևում է ողջ աշխարհը: Կարծում եմ՝ հոկտեմբերի 11-ի համերգը հենց այդպիսինն է լինելու, քանի որ Հայաստանում ելույթ է ունենալու հայտնի արտիստ Մալկովիչը, ծրագիրն էլ յուրահատուկ է»,- ասաց Ս. Սմբատյանը:
Նա նշեց, որ այդ ծրագրի վրա երկար են աշխատել, պրեմիերան կայացել է երկու տարի առաջ Սեուլում:
«Նման ծրագրով հանդես գալու գաղափարը Ջոնինն է: Մենք ունենք ընդհանուր պրոդյուսերական թիմ, որը կարողացավ ստեղծել այդ պրոեկտը»,- ասաց նա:
Համերգին Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ Որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։
«Երբ կարդացի տեքստը, հասկացա, որ երաժշտությունը պետք է լինի ոչ միստիկ, ոչ շատ բարդ, ոչ շատ հայտնի դասական: Այդ միաձուլումը ստացվեց՝ թատրոնի, տեքստային ասելիքը, բովանդակությունը, երաժշտութունը, նվագախմբի քանակը»,- նշեց դիրիժորը:
Փառատոնի ընթացքում կներկայացվեն Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան, «Խաչատրյանը և ջազը» համերգային նախագիծը, հանդես կգան հայտնի արտիստներ՝ դաշնակահարներ Գլորիա Քամփաները, Հայկ Մելիքյանը, Լևոն Կարապետյանը, ջութակահարներ Դավիդ Նեբելը, Մարկ Բուշկովը, մեներգիչ Վլադիմիր Բայկովը (բաս) և ուրիշներ:
Ս. Սմբատյանի խոսքով, «Խաչատրյանը և ջազը» նախագիծը մեծ հաջողություն ունի Հայաստանում, նաև Հայաստանից դուրս, ինչը նույնպես վկայում է փառատոնի հաջողության մասին:
«Եթե փառատոնը կարողանում է միջազգային որակի նոր հնչողություն առաջարկել, նոր շունչ տալ, մեծագույն հաջողություն է»,- ասաց նա՝ հավելելով, որ նախագծի շրջանակում կան նոր գործեր, մշակումներ, լինելու է ներկայացման նոր ֆորմատ:
Խոսելով փառատոնի մասին, Սերգեյ Սմբատյանը նշեց, որ այս հինգ տարիների ընթացքում 40 արտիստ է եկել Հայաստան, ավելի քան 15 համաշխարհային պրեմիերա է եղել:
«Դեռ շատ անելիքներ ունենք, մտածում ենք ոչ ստանդարտ ծրագրերի մասին, արտիստների, ովքեր ստեղծում են նոր գաղափարներ»,- ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Երաժշտությունը կյանք է». Լևոն Կարապետյանը ոգևորությամբ է սպասում խաչատրյանական փառատոնի համերգին
- Ջոն Մալկովիչն անհամբեր սպասում է հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը
- Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի ելույթով կմեկնարկի Խաչատրյանի միջազգային փառատոնը
- Խաչատրյանի 5-րդ փառատոնը նվիրվելու է Այվազովսկու 200-ամյակին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան