Նոր հանդիպման փաստը տեղին չէ, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել նախկին պայմանավորվածությունները. քաղաքագետ
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջին անգամ չեն հայտարարում, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամ են վերսկսել բանակցային գործընթացը։ Հայկական կողմից նման պատրաստակամություն կա, սակայն բանակցությունները տեղի չեն ունենում ոչ թե այն պատճառով, որ նախագահները պատրաստակամ չեն, այլ այն պատճառով, որ ադրբեջանական կողմը չի կատարում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Բանակցային գործընթացը կասեցված է առավելապես այս պատճառով»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Նա ենթադրում է, որ նոր հանդիպման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ քայլեր կատարի։
«Հակառակ պարագայում որևէ արդյունքի սպասելը տեղին չէ, ինչպես որ տեղին չէ նոր հանդիպման փաստը, քանի դեռ նախկին պայմանավորվածությունները չեն կատարվել։ Դեռևս վաղ է հանդիպում ակնկալել, քանի որ հանրային դաշտում երևացող հատվածում ադրբեջանական կողմն այդ ուղղությամբ որևէ քայլ չի արել»,- նշեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան ու Բաքու կատարած այցերից ու հանդիպումներից հետո հանդես են եկել հայտարարությամբ: Նրանք մասնավորապես հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են բանակցային գործընթացը վերսկսելու իրենց պատրաստակամությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին