Պատանի շախմատիստները մրցում են Ջերմուկում
Ջերմուկում մեկնարկել է շախմատի միջազգային մրցաշարը, որը Եվրոպայի պատանեկան Գրան Պրիի փուլի կարգավիճակ ունի: Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարին մասնակցում է 12 շախմատիստ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելառուսից, Լիտվայից և Նորվեգիայից:
ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ Հայաստանը ներկայացնում են Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը: Երկու տուրից հետո Ղարիբյանն ուկրաինացի Կիրիլ Շեվչեկնոյի հետ հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սարգսյանն ու Հակոբյանը 1,5-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը:
Այսօր խաղացվում են երրորդ տուրի պարտիաները: Պատանեկան Գրան Պրիի երկրորդ փուլի եզրափակիչ տուրը կկայանա հոկտեմբերի 15-ին: