Ամերիկացի դեսպանն անհանգստացած է Թուրքիայի պահվածքից
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը խոսել է Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի կալանավորման մասին։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում Բասսը նշել է, որ ամերիկացի աշխատակցի ձերբակալմամբ Թուրքիայի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ ցանկանում են վրեժ լուծել ԱՄՆ-ից:
Նա, անհանգստություն հայտնելով ամերիկացի աշխատակցի ձերբակալման առնչությամբ, մասնավորապես ասել է.
«Ինձ խորապես անհանգստացնում է այն փաստը, որ Թուրքիայի կառավարությունից ոմանք նախընտրում են, որ այս գործը քննվի մամուլի միջոցով, այլ ոչ թե դատարանի առջև: Ըստ իս՝ սա արդար չէ, ավելի շատ նման է վրեժի: Համոզված եմ, որ ամերիկացի աշխատակցին ուղղված մեղադրանքներն անհիմն են: Հավատում եմ նաև նրան, որ այդ մեղադրանքները հաստատող ապացույցներ ի հայտ չեն գա»:
Նա շեշտել է, որ ազատ և ուժեղ մամուլը ժողովրդավար հասարակության հիմքն է և այդ առումով ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հսկայական տարբերություն կա:
Նա նկատել է տվել, որ իր մամուլի ասուլիսի ժամանակ ոչ բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներն են հրավիրված եղել, քանի որ որոշ թուրքական լրատվամիջոցներ չեն պահպանում լրագրողական էթիկան: Ամերիկացի դեսպանի դիտարկմամբ՝ թուրքական որոշ լրատվամիջոցներ ոչ օբյեկտիվ են և նախընտրում են հորինվածքներ տարածել:
Թոփուզին մեղադրանք էր առաջադրվել «Քաղաքական կամ ռազմական լրտեսության նպատակով երկրի անվտանգությանը, ներքին կամ արտաքին քաղաքական շահերին վերաբերող գաղտնի տեղեկություններ տրամադրելու» ինչպես նաև «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձ» հոդվածների հատկանիշներով: