ԱՄՆ-ն և Թուրքիան դադարեցրել են երկկողմանի վիզաների տրամադրումը
Այն բանից հետո, երբ հոկտեմբերի 8-ին Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը դադարեցրել է վիզաներ տրամադրել Թուրքիայի քաղաքացիներին, պաշտոնական Անկարան դիմել է պատասխան գործողությունների:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ հայտնի է դարձել, որ Թուրքիայի դեսպանատունը նույնպես դադարեցրել է վիզաներ տրամադրել ամերիկացիներին:
Աղբյուրը շեշտում է, որ փոխադարձ վիզաներ չտրամադրելու խնդիրը ծագեց այն բանից հետո, երբ Ստամբուլում գտնվող ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից Մեհմեթ Թոփուզը լրտեսության և գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեղադրանքներով կալանավորվեց: Ամերիկյան կողմը անհիմն է համարում այդ մեղադրանքները:
Հիշեցվում է նաև, որ Թոփուզի կալանավորումից հետո ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասված էր. «Վերջին իրադարձությունները ստիպել են ԱՄՆ-ի կառավարությանը վերագնահատել ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության և անձնակազմի նկատմամբ Թուրքիայի կառավարության վերաբերմունքը: Այդ վերագնահատման ընթացքում մեր դեսպանատուն և հյուպատոսություններ այցելողների թիվը կրճատելու նպատակով մենք դադարեցրել ենք բոլոր ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի բոլոր դիվանագիտական հաստատություններում»:
Թուրքական աղբյուրի տեղեկություններով՝ վերոնշյալ խնդիրը հոկտեմբերի 8-ին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ, կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
Նույն աղբյուրի համաձայն, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առաջացած «վիզայի ճգնաժամի» պատճառով Թուրքիայում դոլարի կուրսը կտրուկ բարձրացել է: Ներկայումս այն հասնում է 3.78 լիրայի: Ըստ թուրքական «Gazeteduvar» լրատվական կայքի՝ այս օրերին դոլարը գրանցել է վերջին 8 ամիսների ընթացքում ունեցած ամենբարձր ցուցանիշը: Միևնույն ժամանակ եվրոյի կուրսը նույնպես բարձրացել է՝ հասնելով 1 եվրոյի դիմաց 4.44 լիրայի: Ըստ աղբյուրի՝ սա բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշն է: