Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները փորձում են շանտաժի ենթարկել Եվրոպային
Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները վերջերս փորձում են շանտաժի ենթարկել Եվրոպային։ Ադրբեջանի նախագահն ակնարկել է Եվրոպայի Խորհրդի կազմից դուրս գալու մասին, գրեթե կրկնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների կասեցման վերաբերյալ դիրքորոշումը։ Այս մասին նշված է «Ռոսբալտ» գործակալության հրապարակած հոդվածում։
«Ալիևին նման անկեղծության դրդել է ԵՄ-ում Գերմանիայի դեսպան Ֆլյուգերը՝ նա խնդրել է Ալիևին արձագանքել այն տեղեկություններին, որ Ադրբեջանը պատրաստվում է դուրս գալ Եվրոպայի խորհրդի կազմից։
Ի պատասխան Ադրբեջանի նախագահ հայտարարել է, որ նման գաղափարը հնչել է ոչ թե պաշտոնական անձանց կողմից, այլ «ազատ ԶԼՄ-ների», որոնք կարող են լուսաբանել ցանկացած թեմա, սակայն իշխանությունները պետք է հաշվի առնեն հասարակության տեսակետը։ Ալիևը նաև ակնարկել է, որ Եվրոպայի խորհուրդն ավելի բարյացակամ է Հայաստանի հանդեպ, քան Ադրբեջանի։
Իսկ Թուրքիայի նախագահը վերջերս հայտարարել էր, որ Եվրամիության կարիքը չունի։
Փաստորեն, Ալիևը և Էրդողանը, ընդհանուր առմամբ, դժգոհ են հավաքական Արևմուտքից, իսկ Եվրոպայից մասնավորապես, որոնք մշտապես մարդու իրավունքների ոտնահարման համար քննադատում են Ադրբեջանին և Թուրքիային։
Ալիևի՝ ԵԽ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հայտարարությունից հետո անսպասելի ձևով տեղեկություններով շրջանառվեցին, որ Ադրբեջանը պատրաստվում է ԵԱՏՄ անդամ դառնալ։ Իսկ Եվրոպայից դժգոհ Թուրքիան խոսեց Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու, իսկ հետո ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր կնքելու մասին»,-նշված է հոդվածում։
Հոդվածագիրը փորձում է կանխատեսել, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը դուրս գա ԵԽ կազմից՝ նշելով, որ Եվրոպայից բաժանումը, նավթի գների անկման ֆոնին, Ադրբեջանի համար ֆինանսա-տնտեսական լուրջ կորուստներ կնշանակի։
«Արևմուտքի կողմից Ադրբեջանի վրա քննադատությունների տարափ կսկսվի։ Հիմա Ադրբեջանի համար շատ կարևոր է, որ Եվրոպան չմիջամտի իր ներքին գործերին և նրա հետ վերջնագրերի լեզվով չխոսի»,-եզրափակում է հոդվածագիրը։