Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 51.1%-ով
2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը՝ ըստ տրանսպորտի առանձին տեսակների, կազմել է 17 460.6 հազար տոննա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 43.1%-ով։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, աճը տեղի է ունեցել ավտոմոբիլային բեռնափոխադրումների հաշվին։ Մասնավորապես, 2017 թվականի հունվար-օգոստոսին ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 51.1%-ով և կազմել 14 538.4 հազար տոննա։
Հաշվետու ժամանակաշրջանում երկաթուղային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1 797.7 հազար տոննա։ Այս ուղղությամբ աճը 2016 թ-ի հունվար-օգոստոսի համեմատ կազմել է 7.6%:
Մայրուղային խողովակաշարային ճանապարհով էլ հունվար-օգոստոսին իրականացվել է 1 109.6 հազար տոննա (աճը կազմել է 24% ), իսկ օդային ճանապարհով՝ 14.9 հազար տոննա բեռնափոխադրում (աճը՝ 53.6%)։