Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել հոկտեմբերի 7-ին «Armday.am» լրատվական կայքի թղթակից Փայլակ Ֆահրադյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 7-ին Վայոց Ձորի մարզի Շատին համայնքում գտնվող բժշկական կենտրոնում հարձակում է կատարվել «Armday.am» լրատվական կայքի թղթակից Փայլակ Ֆահրադյանի վրա, խոչընդոտվել նրա օրինական մասնագիտական գործունեությունը։
Միջադեպի վերաբերյալ լրագրողի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ բուժհաստատության տնօրեն Զոյա Մարտիրոսյանի հետ զրուցելիս ինքն անդրադարձել է նաև համայնքում շրջանառվող լուրերին, թե տեղեկանքներ տրամադրելու, անվճար դեղորայքներ հատկացնելու և այլ ծառայությունների համար այստեղ գումար են պահանջում։ Սրան ի պատասխան Զոյա Մարտիրոսյանը և իրեն ուղեկցող քույրը՝ գյուղապետի կինը, հարձակվել են լրագրողի վրա, փորձել են խլել տեսախցիկը և պահանջել ջնջել կրիչի պարունակությունը։
Այնուհետև Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի օգնությամբ փակել են բժշկական կենտրոնի դուռը և արգելել թղթակցին դուրս գալ այնքան ժամանակ, քանի դեռ չի ջնջվել կրիչի պարունակությունը։ Փայլակ Ֆահրադյանին հաջողվել է սենյակից զանգահարել ոստիկանություն, որից հետո միայն դուռը բացել են, և լրագրողը դուրս է եկել։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ընդունելով, որ միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել, այդուհանդերձ, հարկ ենք համարում փաստել, որ վերջին 10 օրվա ընթացքում սա լրագրողների վրա հարձակման արդեն երկրորդ դեպքն է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Վանաձորում հարձակման ենթարկվեց «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը։
Հաշվի առնելով, որ «Armday.am»-ի թղթակցի աշխատանքը ակնհայտորեն խոչընդոտվել է, և որոշ ժամանակ նրան անազատության մեջ են պահել՝ պահանջում ենք.
-ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային վարչությունից՝ անաչառ և արդյունավետ քննություն իրականացնել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար,
- ՀՀ դատախազությունից՝ պատշաճ հսկողություն սահմանել այս քրեական գործի նկատմամբ՝ նախաքննության օբյեկտիվությունն ապահովելու նպատակով։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երևանի մամուլի ակումբ
Լրագրողների «Ասպարեզ» ակումբ
Բազմակողմանի տեղեկատվութան ինստիտուտ – Հայաստան
Հանրային լրագրության ակումբ
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Գորիսի մամուլի ակումբ»:
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազություն. Լրագրողը ճանաչվել է տուժող
- Լրագրողի գործունեությունը խոչընդոտելն անթույլատրելի է․ Պաշտպան
- Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ
- ՄԻՊ. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է
- Վանաձորում ոլորել են լրագրողի թևերը, գցել գետնին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում