Հայաստանյան ոսկեգործները էքսպոյից 580 միլիոն դրամի արտահանման պատվերներով են վերադարձել
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ոսկեգործական 5 ընկերություններ աշնանային «JUNWEX Moscow» միջազգային ցուցահանդեսին 1.2 միլիոն դոլարի արտահանման պատվերներ են ստացել։
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայության փոխանցմամբ, հայկական ընկերությունները ցուցահանդեսի օրերին հիմնականում ռուսական մեծածախ գնորդների հետ կնքել են արտահաման 5 պայմանագիր, ևս 16-ը բանակցությունների փուլում են, որոնք էականորեն կավելացնեն «JUNWEX Moscow-2017»-ին կնքված արտահանման պայմանագրերի ընդհանուր ծավալը։ Հայկական թանկարժեք զարդերն ընդունվել են նաև ցուցահանդեսի ոչ մասնագիտացած այցելուների շրջանում, որոնք ձեռք են բերել 34 000 դոլարի թանկարժեք զարդեր։
«Արաբական շուկան նույնպես մեզ համար թիրախային է, ուստի նպատակ ունենք միասնական հայկական տաղավարով մասնակցել նաև Դուբայի «ՎինչենցաՕրո» ցուցահանդեսին, որի համար Մոսկվայում արդեն հանդիպել և բանակցել ենք կազմակերպիչների հետ՝ մեր արտադրողներին ավելի լավ պայմաններ տրամադրելու շուրջ»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի Միջոցառումների կազմակերպման խմբի ղեկավար Մարկուս Ազադյանը։
ՀԶՀ թիմը նաև հանդիպում է կազմակերպել Հայ Ոսկերիչների ասոցիացիայի (AJA) նախագահ Գագիկ Գևորկյանի հետ, որը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ոսկերչական հայկական արտադրանքի առաջմղմանը՝ միջազգային շուկայում։