ԵԽ-ն հայտնվել է աննախադեպ վիճակում՝ ՌԴ կողմից 11մլն եվրոյի չվճարման պատճառով
«Ռուսաստանի Դաշնությունը ԵԽ գլխավոր քարտուղարին հայտնել է, որ կասեցնում է 2017թ․-ի մնացած հատվածի գումարի վճարումը կազմակերպության բյուջե։ ՌԴ-ն հայտարարել է, որ սա կարվի՝ մինչև ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ամբողջական ու առանց նախապայմանների իրավունքների վերականգնումը»,-այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացմանն ասաց նիստը նախագահող Ռոջեր Գեյլը։
Այս որոշումն աննախադեպ մարտահրավեր է ստեղծել կազմակերպության համար։ Ինչպես ասաց Գեյլը, ԵԽԽՎ-ն ու ԵԽ նախարարների կոմիտեն կիսում են պատասխանատվությունը՝ պահպանել կազմակերպության միասնականությունը, կենսունակությունը: Այդ իսկ պատճառով ԵԽ այս 2 մարմինները պետք է աշխատեն միասին՝ ստեղծված իրավիճակը լուծելու համար։ Այս հարցի կապակցությամբ այս շաբաթ կոմիտեի համատեղ նիստ է հրավիրվել։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը զրկվեց ձայնի իրավունքից 2014թ․-ին Ղրիմի՝ ՌԴ-ին միացվելու պատճառով, որը Եվրոպան համարում է անեքսիա։
Ռուսաստանը ԵԽ բյուջեի խոշորագույն դոնորներից է։ Նրա տարեկան անդավճարը կազմում է մոտ 33մլն դոլար կամ կազմակերպության ընդհանուր բյուջեի 7 տոկոսը։ Հաղորդվում է, որ Մոսկվան 2017թ․-ի համար դեռևս պետք է վճարի մոտ 11մլն եվրո։