Մենք որևէ քննարկում չենք ունեցել, թե ապրիլից հետո ինչ պետք է կատարվի. Վահրամ Բաղդասարյան
Լինելով քաղաքական մեծամասնության լիդերը՝ Սերժ Սարգսյանն միշտ պետք է լինի արենայում՝ որպես երկրի ամենացայտուն քաղաքական գործիչներից մեկը: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչով է զբաղվելու նախագահ Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլից հետո:
«Սերժ Սարգսյանը մինչև 2018 թվականի ապրիլ ՀՀ նախագահն է, և մենք որևէ քննարկում չենք ունեցել, թե ապրիլից հետո ինչ պետք է կատարվի, կգա ժամանակը, կքննարկենք դուք բոլորդ տեղյակ կլինեք դրա մասին: Երբ որ կգա ժամանակը, Սերժ Սարգսյանն ինքը կխոսի այդ մասին»,- ասաց նա:
Անդրադառնալով ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Պեդրո Ագրամունտի հրաժարականին՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ հարցը պարզապես այդ հրաժարականով չի սահմանափակվելու:
«Այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի: Պատահական չէ, որ տարբեր եվրոպական եվրոպական երկրներում հետաքննություններ են ընթանում: Սրա արձագանքները մենք դեռ կլսենք: Եթե այսպիսի անդրադարձեր չլինեին, դա բավականին լուրջ հեղինակազրկում կլիներ ԵԽԽՎ-ի նման կաևորագույն կառույցի համար»,- նշեց բանախոսը:
Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ նաև «Ելք» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծին: Պատգամավորը նշեց, որ նորմալ է ընդունում խմբակցության այդ քայլը, քանի որ դա յուրաքանչյուր քաղաքական ուժի իրավունքն է:
«ՀՀԿ-ն Փաշինյան-Գեղամյան հայտնի միջադեպից անմիջապես հետո արձագանքել է և հայտարարել, որ hայհոյանքների, քաշքշուկների օգնությամբ քաղաքական հարցերի պարզաբանումն անընդունելի է: Քաղաքական հարցերը պետք է պարզաբանվեն քաղաքական ամբիոնից»,- ասաց պատգամավորը՝ հորդորելով ձեռնպահ մնալ հարցերը ծեծկռտուքի ոճով պարզաբանելուց:
Լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավարից նաև հետաքրքրվեցին նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ թեկնածուներից: Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ կան համայնքներ, որտեղ ՀՀԿ-ն ընդհանրապես ձեռնպահ է մնացել թեկնածուներ առաջադրելուց, և կան այնպիսինները, որտեղ հստակ առաջադրել է իր թեկնածուներին:
«Բայց մենք որևէ սահմանափակում չենք դրել այլ թեկնածուների նկատմամբ: Հանրապետականն ունի իր դիրքորոշումը՝ իր թեկնածուների նկատմամբ, իսկ մրցակցության ժամանակ որևէ խոչընդոտ չի լինելու, և նրանք կարող են ազատ մրցակցային պայմաններով ստանալ ժողովրդի քվեն»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական տվեց
- ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն գրեթե բոլոր համայնքներում կունենա թեկնածուներ
- ԱԺ միջանցքում Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան