Ջոն Մալկովիչ. Հարատևում է արվեստի այն գործը, որը խորությամբ է դիպչում մարդուն
Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնը։ Փառատոնը մեկնարկելու է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչի ելույթով՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Համերգին Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ Որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Ջոն Մալկովիչն ասաց, որ այս գործն առաջին անգամ կատարվել է 2015-ին Սեուլում, այնուհետև 2016-ին Բուենոս Այրեսում:
«Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» վեպի մի մասի ադապտացիան եմ օգտագործել տեքստի մեջ: Վեպի այդ հատվածը, որն օգտագործել եմ, կոչվում է «Պատում կույրերի մասին»,- ասաց նա:
Ջոն Մալկովիչի խոսքով, դասական երաժիշտների հետ արդեն ութ կատարում ունեցել է, հիանալի ապրումներ են, միշտ մեծ բավականություն է ստանում նրանց հետ աշխատելիս:
«Երաժշտությունն իրենով համամարդկային ուժ է պարունակում, հատկապես կենդանի և հատկապես դասական երաժշտությունը»,- ընդգծեց հայտնի արվեստագետը:
Հարցին, թե ինչպե՞ս եք ընտրում գրական գործերը, ինչպիսի՞ն է ամբողջ աշխարհում հետաքրքրությունը գրականության նկատմամբ, նա նշեց. «Երբ երաժշտական գործ եմ լսում, պետք է բազմիցս լսեմ, մինչև որոշեմ, որ այդ երաժշտական գործին կարող եմ համակցել տվյալ տեքստը: Տեքստը չի կարող մրցել երաժշտության հետ, պետք է տեքստը սահի, համադրվի, իր տեղը գտնի երաժշտության կողքին, երաժշտության մեջ: Տեքստը երաժշտության հետ զուգակցելը միշտ մարտահրավեր է, բարդ գործ է: Նման գործ կատարելիս՝ ձգտում ես արվեստի երկու ձևը փոխլրացնող դարձնես»:
Պատասխանելով հարցին, թե ո՞րն է լավ երաժշտության, լավ ֆիլմի, արվեստի լավ գործի հարատևության գրավականը, Ջ. Մալկովիչն ասաց. «Հարևատևում են այն գործերը, որոնք խորությամբ են դիպչում, հասնում մարդուն»:
Հարակից հրապարակումներ`
- Եթե փառատոնը կարողանում է միջազգային որակի նոր հնչողություն առաջարկել, մեծագույն հաջողություն է. Սերգեյ Սմբատյան
- «Երաժշտությունը կյանք է». Լևոն Կարապետյանը ոգևորությամբ է սպասում խաչատրյանական փառատոնի համերգին
- Ջոն Մալկովիչն անհամբեր սպասում է հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը
- Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի ելույթով կմեկնարկի Խաչատրյանի միջազգային փառատոնը
- Խաչատրյանի 5-րդ փառատոնը նվիրվելու է Այվազովսկու 200-ամյակին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան