Մոսկվայում ծրագրում են տեղադրել Կարո Հալաբյանի հուշարձանը
Մոսկվայում ծրագրում են տեղադրել ՌԴ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Կարո Հալաբյանի հուշարձանը: Գազետա.ռու կայքի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Մոսկվայի խորհրդարանի հաղորդագրությանը:
Գործակալության զրուցակիցն ասել է, որ Հալաբյանի արձանը տեղադրելու առաջարկը գալիք շաբաթ քննարկելու են Մոսկվայի Դումային առընթեր մոնումենտալ արվեստի հանձնաժողովի փորձագետները:
Հայ խորհրդային ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Հալաբյանը 1917 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1929 թվականին Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա–տեխնիկական ինստիտուտը։ 1929-1931 թթ. գլխավորել է «Պետնախագիծ» ինստիտուտը՝ Խորհրդային Հայաստանի առաջին նախագծային հաստատությունը, Միքայել Մազմանյանի և Գևորգ Քոչարի հետ նախագծել բնակելի, վարչական, մշակութային-լուսավորական շենքեր։
1932 թվականից Հալաբյանի ստեղծագործական, գիտական և հասարակական գործունեությունը ծավալվել է Մոսկվայում։ Հայրենական պատերազմի տարիներին Հալաբյանը ճարտարապետական ակադեմիայի ղեկավար աշխատանքը համատեղել է կարևորագույն արդյունաբերական և պաշտպանական կառույցների քողարկման նախագծման հետ՝ գլխավորելով ակադեմիային առընթեր հատուկ արվեստանոցը։ 1943 թվականին նրա ղեկավարմամբ սկսվել է Վոլգոգրադի վերակառուցման նախագծի մշակումը։ 1936 թվականին ընտրվել է ճարտարապետների Բրիտանական թագավորական ինստիտուտի պատվավոր թղթակից անդամ։ Պարգևատրվել է 2 շքանշաններով։ Նախագծել է Սովետական բանակի թատրոնի շենքը Մոսկվայում (1940), Սոչիի ծովային կայարանը (1950), Մոսկվայի Խիմկի–Խովչինո խոշոր բնակելի զանգվածը (1962)։ Ստեղծել է Կ. Մարքսի, Ս. Շահումյանի, Կամոյի դիմաքանդակները։