ՀՖՖ նախագահի հետ հանդիպումից հետո միայն կկարողանամ որոշում կայացնել. Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ
«Իմ կարծիքով, շատ հետաքրքիր խաղ ստացվեց, մասնավորապես խաղի մեկնարկը, փոխադարձ գրոհներով։ Կարելի է ասել, որ թիմերը շատ սխալներ թույլ տվեցին պաշտպանությունում»,- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքի համաձայն, նախօրեին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:
Նշենք, որ խաղն ավարտվել է 1:1 հաշվով:
«Առաջին խաղակեսում մենք տիրում էինք նախաձեռնությանը, գոլ խփելու շատ հնարավորություններ ունեինք, ցավոք չկարողացանք երկրորդ գոլը խփել։ Իսկ երկրորդ խաղակեսում մեր տղաները մի փոքր հոգնել էին, հարկադրված փոփոխություն կատարեցինք և խաղը չստացվեց։ Կարծում եմ, որ Ղազախստանի հավաքականն իր խաղով արժանի էր մեկ միավոր վաստակելու։ Չնայած հանդիպման վերջին վայրկյաններին մենք կարող էինք կորզել հաղթանակը, բայց, իմ կարծիքով, այսօր Ղազախստանի հավաքականը արժանի չէր պարտության»,- ասել է նա։
Հարցին, թե ձեր կարծիքով, այսօրվա հանդիպումից հետո, Դուք կարողացա՞ք արդարանալ ձեր երկրպագուների առջև 1:6 հաշվով պարտությունից հետո, Ա. Պետրոսյանը պատասախնել է. «Համենայնդեպս, այսօր բոլոր տղաները պայքարում էին, աշխատում էին դաշտում, որպեսզի առավելագույն արդյունքի հասնեն։ Չեմ կարող ասել, բավարարված են երկրպագուները թե ոչ, բայց ես տղաներին ասել եմ, որ այսօր իրենք արել են ամեն ինչ դրական արդյունքով խաղն ավարտելու համար»։
Պատասխանելով հարցին, թե այսօր Հենրիխ Մխիթարյանը խաղում ամբողջ ուժով, թե՞ խնայում էր ուժերը, նա ասաց. «Ես 100%-ով համոզված եմ, որ հավաքականում Հենրիխը չի խնայում իր ուժերը։ Հենրիխը օգնում է թիմին և թիմը պետք է օգնի Հենրիխին»։
Հարցին, թե՝ «Դուք ասել եք, որ որոշում կկայացնեք վերջին հանդիպումից հետո։ Արդյո՞ք այս արդյունքը կստիպի Ձեզ որոշում կայացնել, թե ինչ-որ ժամանակ է հարկավոր, որպեսզի Դուք կողմնորոշվեք», Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ասել է. «Ես պետք է հանդիպեմ ՀՖՖ նախագահի հետ, միայն այդ հանդիպումից հետո ես կկարողանամ որոշում կայացնել»:
Խոսելով ներկա կազմի հեռանկարների մասին, մասնավորապես պատասխանելով հարցին, թե սա թիմի առավելագույն հնարավորություններն են, թե՞ ավելացնելու տեղ կա, նա ասել է .«Եթե սա մեր առավելագույն մակարդակն է, ապա հաջորդ ընտրական փուլում մենք անելիք չունենք։ Ես ասել եմ Լեհաստանի խաղից հետո և կրկնեմ, որ մեզ նոր ֆուտբոլիստներ են պետք, որովհետև այսօրվա կազմի 80%-ն խաղում է հավաքականում երկար տարիներ և գալիս է ժամանակը, երբ պետք է ինչ-որ բան փոխել։ Կարծում եմ հիմա ամենալավ պահն է ինչ-որ փոփոխություններ կատարելու, որովհետև այս խաղով մենք ոչ մի հնարավորոթյուն չենք ունենա մյուս ընտրական մրցաշարում։ Այսօր դուք տեսաք երկու ֆուտբոլիստի, որոնք առաջին անգամ էին խաղում հավաքականի կազմում և հուսով եմ, որ այսպիսի դեպքեր հաճախ են լինելու։
Ինչպես գիտեք մեր առաջնությունում հանդես է գալիս ընդամենը վեց թիմ, ֆուտբոլիստների պակաս կա, մեր հայրենակիցներից շատերն ապրում են արտերկրում։ Կարծում եմ, որ ֆուտբոլի մակարդակը համապատասխնում երկրի կենսամակարդակին»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան