Գեղամյանին, որպես անհեռանկար մի մարդու, բրդել են առաջին գիծ. Նիկոլ Փաշինյան
Այսօր «Ելք» խմբակցությունը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը, որը վերաբերելու է պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև հայտնի միջադեպը քննելուն և ԱԺ-ին համապատասխան եզրակացություն ներկայացնելուն: Այս մասին այսօր խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Ես հակված չէի տեղի ունեցածին քաղաքական հնչեղություն հաղորդել, բայց երբ ՀՀԿ-ն փորձում է միջադեպի շուրջ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել, սա ստիպում է արձանագրել՝ տեղի ունեցածի մեջ ավելի լուրջ քաղաքական բովանդակություն կա: Փաստն այն է, որ ՀՀԿ-ն ինքն էլ արձանագրում է, որ հետագա բանավեճերը նույն ճակատագիրն են ունենալու: Իրենք շատ սխալ ճանապարհ են ընտրել, որը կունենա որոշակի հետևանքներ, և եթե այս իրողությանը գնահատականներ չտրվեն, պետք է հոգեբանորեն պատրաստ լինենք, որ ԱԺ-ում կարող են նորանոր այսպիսի դրսևորումներ լինեն: Եթե սա մարտահրավեր է, «Ելքն » ընդունում է այդ մարտահրավերը»,- նշեց խորհրդարանականը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, Արտաշես Գեղամյանի հետ հայտնի միջադեպը ոչ թե հարձակվող-տուժող հարաբերության վկայություն է, այլ հարձակվող-կարգի հրավիրող հարաբերություն:
«Իմ տպավորությունն այնպիսին է, որ Գեղամյանին որպես անհեռանկար մի մարդու բրդել են առաջին գիծ և ներքին սադրանքի արդյունքում ստացել են ինչ-որ միջադեպ: Մենք իրերն ինչպես կոչել ենք, այնպես էլ այսուհետ շարունակելու ենք կոչել»,- նշեց բանախոսը:
Լրագրողների հարցին՝ ինչպես կմեկնաբանի ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի այն գնահատականը, որ միջադեպը մի ահելի և մի ջահելի պատմություն էր, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինքը գնահատում է վերջինիս գեղարվեստական մտածողությունը, բայց սա ՀՀԿ-ի և «Ելք»-ի գործն է:
Ճեպազրույցին ներկա «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ իր հերթին նկատեց, որ նոր գումարման Ազգային ժողովը պետք է քաղաքակրթական նոր մակարդակի բարձրացնել: Նրա համոզմամբ, ԱԺ էթիկայի հանձնաժողովը պետք է քննի Փաշինյան-Գեղամյան միջադեպը՝ ընդհուպ Գեղամյանի պատգամավորական մանդատը վայր դնելու մակարդակով:
«Սա այն լծակն է, որով կարելի է կարգի հրավիրել մնացած պատգամավորներին»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ահելի և մի ջահելի պատմություն էր. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյան-Գեղամյան վեճի մասին
- Գեղամյանը պատրաստ է ներողություն խնդրել Փաշինյանից. «Ժամանակ»
- Փաշինյան. Վկաներ կան
- ԱԺ միջանցքում Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան