Արտավազդ Փելեշյանը, Նարա Շլեպչյանը, Ռազմիկ Դավոյանն ու Ռալֆ Յիրիկյանը՝ «Երևանի պատվավոր քաղաքացի»
Երևանի ավագանին այսօր գումարած արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հաստատել է Երևանի քաղաքապետի առաջարկը՝ Երևան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ, կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Աշոտի Փելեշյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը։
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ավագանու մեկ այլ որոշմամբ, Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ, նկատի առնելով հայկական հեռուստատեսության բնագավառում ներդրած նշանակալի ավանդը, բազմամյա վաստակն ու բեղմնավոր գործունեությունը, «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Սուրենի Շլեպչյանին։
Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ, հաշվի առնելով հայ գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդը, ակնառու վաստակն ու բազմամյա գործունեությունը, Երևանի ավագանին քննարկել և հաստատել է բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Նիկողոսի Դավոյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագիծը:
Ավագանու մեկ այլ որոշմամբ, տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և Երևան քաղաքում ակտիվ գործունեություն ծավալելու համար, Երևանի 2799-րդ տարեդարձի առթիվ, «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում է շնորհվել նաև «ՎիվաՍել–ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Սեզարի Յիրիկյանին: