«Սուպեր Դավիթ». էլեկտրոնային նոր ուսուցողական խաղ երեխաների համար
«Սիրելի երեխաներ, վստահ եմ, որ այս խաղի օգնությամբ ձեռք բերված գիտելիքները կնպաստեն ձեր և ձեր շրջապատի անվտանգության ապահովմանը, որովհետև խաղի արդյունքում դուք ստանալու եք ոչ միայն միավորներ ու մրցանակներ, այլև՝ անվտանգ ապրելու երաշխիք»,- այսօր ԱԻ նախարարությունում «Սուպեր Դավիթ» էլեկտրոնային կրթական նոր խաղի շնորհանդեսի ժամանակ նշել է նախարար Դավիթ Տոնոյանը։
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խաղը ստեղծվել է ՀՀ ԱԻ նախարարության, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Համաշխարհային բանկի, և Dasaran կրթական ծրագրի միջև համագործակցության արդյունքում: Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ճապոնիայի և Համաշխարհային բանկի «Զարգացող երկրներում աղետների ռիսկի կառավարման ուղղորդման ծրագրի» (Աղետների նվազեցման և վերականգնման գլոբալ կառույցի (GFDRR)) աջակցության շնորհիվ:
Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանն ընդգծել է, որ խաղի փորձարկման ժամանակ լուրջ արդյունքներ են գրանցվել: Ընդամենը 12 օրվա ընթացքում «Սուպեր Դավիթ» խաղը խաղացել են 187186 անգամ, որը Dasaran.am կայքի համար աննախադեպ մեծ թիվ է:
Խաղի գլխավոր հերոսի նախատիպը հայկական սիրված էպոսի հերոսն է՝ Սասունցի Դավիթը, որը բոլորին հասնում է օգնության: Dasaran կրթական հարթակում տեղ գտած նոր «Սուպեր Դավիթ» էլեկտրոնային խաղը նպատակ ունի խաղի միջոցով ուսուցման մեթոդով նպաստել հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտների (և ոչ միայն) շրջանում անվտանգության մշակույթի ձևավորմանը, հաղորդել գիտելիքներ բնական ու տեխնածին արտակարգ իրավիճակների դեպքում անվտանգության ապահովման և վարքականոնների վերաբերյալ, ինչպես նաև խրախուսել իրազեկ և դժվար իրավիճակում օգնության հասնող երեխաներին: «Սուպեր Դավիթ» խաղի միջոցով առավելագույն միավորներ հավաքած և հաղթող ճանաչված աշակերտները կստանան արժեքավոր մրցանակներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան