Խնդիրների լուծման արդյունքում գյուղատնտեսությունը կլինի արդյունավետ, եկամտաբեր և մրցունակ. Նախարար
Հայաստանում գյուղատնտեսությունն ունի զարգանալու մեծ ներուժ՝ կապված ինչպես բնակլիմայական պայմաններով, այնպես էլ մարդկային ներուժով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Այդուհանդերձ, ըստ նախարարի, կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման դեպքում կհասնեն նրան, որ գյուղատնտեսությունը կլինի արդյունավետ, եկամտաբեր, շատ ավելի գրավիչ, մրցունակ և ինդուստրիալ:
«Խնդիրները լուծելով մենք կստեղծենք հնարավորություն, որ գյուղատնտեսությամբ զբաղվողներն իրենց համար ստեղծեն ավելի բարեկեցիկ կյանք, ինչպես նաև ձևավորեն զարգացող և գրագետ գյուղացիական տնտեսություններ»,-նշեց Իգնատի Առաքելյանը:
Անդրադառանալով խնդիրներին, նախարարը փաստեց, որ այսօր թիվ մեկ խնդիրը տեխնիկական հագեցվածության ցածր մակարդակն է, բացի այդ, չկան մատչելի ֆինանսական ռեսուրսներ, կա ոռոգման համակարգի ոչ լիարժեք ապահովածություն, բնակլիմայական աղետներից կրած վնասների դեպքում փոխհատուցում չի տրամադրվում, կրթական և խորհրդատվական համակարգերն էլ թույլ են, օրենսդրական դաշտը բարեփոխման կարիք ունի:
«Մեր գյուղատնտեսությունը ավանդական է, մինչդեռ այսօր աշխարհում կան բարձրարժեք մշակաբույսեր, որոնք թույլ են տալիս ավելի բարձր եկամտաբերություն ունենալ, սակայն դրանք Հայաստանում չեն մշակվում: Բացի այդ, խնդիր կա իրացման գների և գյուղացիների վճարումների հետ կապված, ինչը կրկին ոչ հետաքրքիր է դարձնում գյուղատնտեսությունը»,- ասաց Իգնատի Առաքելյանը:
Միաժամանակ նախարարը նշեց, որ այդ խնդիրների լուծման ուղղությամբ արդեն քայլեր ձեռնարկվում են, մասնավորապես, նախարարության տնտեսած գումարների հաշվին իրականացվում է մատչելի լիզինգով գյուղտեխնիկայի տրամադրման ծրագիր, որի արդյունքում արդեն տրամադրվել է 132 միավոր գյուղտեխնիա:
«Մենք ապահովել ենք և՛ բյուջեով նախատեսված ծրագրերը, և՛ զուգահեռ նոր 3 ծրագիր ենք սկսել: Արդեն հիմնվել է գյուղտեխնիկայի կայան, բացի այդ, նախատեսվում է պետական աջակցությամբ էլ գյուղտեխնիկայի կայան հիմնել, որի մրցույթն ավարտվել է: Մի քանի ամսից Հայաստանում կլինի գյուղտեխնիկան, որը կօգտագործվի գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ»,- ասաց նախարարը:
Նշեց նաև, որ իրականացվում են արոտների ջրային համակարգի արդիականացման, անասնապահական կոոպերատիվների հիմնման և աջակցման ծրագիր: Այս ծրագրի շրջանակներում, ըստ Իգնատի Առաքելյանի, մինչև տարեվերջ կտրամադրվի 120 միավոր գյուղտեխնիկա՝ շուրջ 550 մլն դրամի. «Կոոպերատիվը վճարում է տեխնիկայի 20 տոկոսի գումարը, իսկ 80 տոկոսը պետություն է տրամադրում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան