Թուրք պաշտոնյաները հրաժարվել են մասնակցել ԱՄՆ-ի դեսպանի հրաժեշտի արարողությանը
Թուրք-ամերիկյան հարաբերություններում վերջին օրերին առաջացած լարվածության ֆոնին հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասի հրաժեշտի արարողությունը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, դեսպանի հրաժեշտի ընդունելությանը չեն մասնակցել ո՛չ թուրքական իշխանությունների, ո՛չ էլ ընդդիմության ներկայացուցիչները:
Արարողությունը լուսաբանվել է սակավաթիվ լրագրողների կողմից, քանի որ հրավիրված լրագրողների մեծ մասը նույնպես չի ներկայացել արարողությանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ բոյկոտելու է ԱՄՆ-ի դեսպանի հրաժեշտի հանդիպումը իր հետ:
«ԱՄՆ-ի դեսպանը ցանկանում է հրաժեշտի այցով հանդիպել ինձ հետ: Մենք չենք ընդունում այդ դեսպանի հրաժեշտի այցը: Մենք նրան չենք տեսնում որպես Թուրքիայում ԱՄՆ-ի ներկայացուցիչ»,- ասել էր Թուրքիայի նախագահը:
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակցի կալանավորումից հետո Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր.
«Վերջին իրադարձությունները ստիպել են ԱՄՆ-ի կառավարությանը վերագնահատել ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության և անձնակազմի նկատմամբ Թուրքիայի կառավարության վերաբերմունքը: Այդ վերագնահատման ընթացքում մեր դեսպանատուն և հյուպատոսություններ այցելողների թիվը կրճատելու նպատակով մենք դադարեցրել ենք բոլոր ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի բոլոր դիվանագիտական հաստատություններում»: