Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում «Յանդեքս» ընկերության ծրագրավորման դպրոց է բացվել
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «Յանդեքս»-ի ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը: Այն «Յանդեքս» ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախագիծն է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, ովքեր դպրոցում կծանոթանան ծրագրավորմանը և իրենց համար կստեղծեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատելու հեռանկարներ:
Կազմակերպիչների փոխանցմամբ, դպրոցում ուսում ստանալու հայտ են ներկայացրել 99 աշակերտներ, որոնցից 27-ը հաջողությամբ անցել են թեստավորման և հարցազրույցի փուլերը: Դասընթացները սկսվել են հոկտեմբերի 4-ին և կտևեն մեկ ուսումնական տարի: Աշակերտները կծանոթանան ծրագրավորման հիմունքներին Python լեզվի օրինակով: Այն լայն տարածում ունեցող և արագ զարգացող լեզու է, որն օգտագործում են մի շարք ծառայություններ, օրինակ, Յանդեքս.Տաքսին, Յութուբը, Ֆեյսբուքը և Ինստագրամը:
«Այսօր մեծ քաղաքներում երիտասարդները շատ հնարավորություններ ունեն դեռ վաղ տարիքից ծրագրավորում սովորելու համար, ինչը շրջաններում ավելի բարդ է: Վանաձորում բացելով ծրագրավորման դպրոց՝ մենք տեսանք, թե ինչպիսի խանդավառությամբ են սովորում երեխաները և թե ինչպես են արդեն մի քանի ամիս անց ստեղծում իրենց առաջին ծրագրերը: Հույս ունենք, որ մեր նոր դպրոցը Գյումրիում կօգնի այստեղի ավագ դասարանների աշակերտներին յուրացնել այն մասնագիտությունը, որը դառնում է աշխարհում ամենապահանջվածը», - ասել է «Յանդեքս.Տաքսի» ընկերության Միջազգային զարգացման ծառայության ղեկավար Մուշեղ Սահակյանը:
Ուսուցումը լինելու է անվճար և հայերենով: Դպրոցում դասավանդում են տեղի մասնագետներ Արամ Հովհաննիսյանը՝ փորձառու ֆրոնթէնդ և բեքէնդ ծրագրավորող, ով շուտով կավարտի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը «Կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ, և Արամ Մուրադյանը՝ համակարգչային գիտությունների և ինֆորմատիկայի բակալավր, ալգորիթմների, տվյալների կառուցվածքների և նկարների մշակման մասնագետ:
«Մի քանի ամիս առաջ Վանաձորում հաջողությամբ մեկնարկեց Յանդեքս ծրագրավորման դպրոցը: Կարևոր է, որ կազմակերպիչները որոշեցին ծրագիրը իրականացնել նաև Գյումրիում, քանի որ հատկապես մարզերի դպրոցականներին անվճար հիմունքներով արդի ծրագրավորման լեզուները հասանելի դարձնելը կարևոր է մեր պետության համար: Հիմնվելով Վանաձորի հաջողությունների վրա՝ վստահ ենք, որ Գյումրիում ևս դրական արդյունք ենք ունենալու: Համագործակցության ընթացքում խիստ կարևորում ենք մասնավոր հատվածի ներգրավվածությունը, որը կնպաստի ծրագրի կայուն զարգացմանը», - նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
«Այս ծրագիրը շատ կարևոր է Շիրակի մարզի համար, քանի որ դպրոցականները անվճար հիմունքներով ծրագրավորում ուսումնասիրելու ևս մեկ հնարավորություն կստանան և կկարողանան ներգրավվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Կարևոր է նաև այն, որ որպես ուսուցիչներ ընտրվել են մասնագետներ Գյումրիից, որոնք կդասավանդեն՝ օգտագործելով «Յանդեքս»-ի մասնագետների փորձը», - ասել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բիզնես զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանը:
Ռուսաստանում «Յանդեքս» ընկերությունը համագործակցում է դպրոցների և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, ինչպես նաև զարգացնում է լրացուցիչ կրթության տարբեր ծրագրեր: 2007 թվականից Յանդեքսում գործում է Տվյալների վերլուծության դպրոցը, որտեղ երկամյա երեկոյան դասընթացների ժամանակ դասավանդում են մեքենայական ուսուցում, համակարգչային տեսողություն, տեքստերի վերլուծություն և այլ առարկաներ: 2014 թվականին Յանդեքս ընկերությունը, «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի հետ համատեղ, բացեց համակարգչային գիտությունների ֆակուլտետը: Յանդեքսի հիմնական ամբիոնը գործում է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում: Ընկերության կրթական ծրագրերի մասին մանրամասն կարող եք կարդալ Յանդեքս ակադեմիայի կայքում:
Դպրոցի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվայնացման վարչության պետ Վաչե Կիրակոսյանը, Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, «Յանդեքս.Տաքսի» ընկերության Միջազգային զարգացման ծառայության ղեկավար Մուշեղ Սահակյանը, «Յանդեքս»-ի Ակադեմիական ծրագրերի կառավարման ղեկավար Սերգեյ Չերնիշովը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բիզնեսի զարգացման մենեջեր Պատվական Հախինյանը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բիզնես զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները