ՄԻՊ. Իրավունքների պաշտպանության առումով մարտահրավերներ կան նաև Զինված ուժերում
«Հայաստանում մարդը բարձրագույն արժեք է: Սա պետք է հիշի յուրաքանչյուր պաշտոնատար անձ»,-այս մասին ԱԺ-ում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Հիշեցնենք, որ այս պահին «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ են անցկացվում:
ՀՀ օմբուդսմենը նշեց, որ զինծառայողների ազատություններն ու իրավունքները պետք է լինի ՀՀ-ում յուրաքանչյուր մարդու ուշադրության առարկան, իշխանության օղակներն ու քաղհասարակության ներկայացուցիչները պետք է իրենց հնարավորությունների սահմաններում ջանքեր գործադրեն՝ Հայաստանի զինված ուժերում իրավունքների պաշտպանության համակարգի իրապես արդյունավետ գործողության համար:
«Սա այնպիսի ոլորտ է, որը պահանջում է համատեղ ու սրտացավ աշխատանք»,-ասաց Թաթոյանը, ավելացնելով, որ նախաձեռնած խորհրդարանական լսումները համատեղ աշխատանքի լավագույն օրինակն է:
Պաշտպանը հավելեց, որ իրավունքների պաշտպանության առումով մարտահրավերներ կան նաև Զինված ուժերում, զինծառայողների իրավունքների պաշտպանության ոլորտում. «Խոսքն օրինակ վերաբերում է ԶՈՒ համակարգում պաշտպանության մեխանիզմներ սահմանող ակտերի գործողությանը, դրանց գործնական լիարժեք կիրառությանը, այդ համակարգում իրավագիտակցության շարունակական բարձրացմանը»:
Թաթոյանն ընդգծեց, որ ԶՈՒ-ում իրավունքների պաշտպանությունը չի լինի արդյունավետ առանց օրենսդրական պատշաճ կարգավորումների. «Միայն հստակ ձևակերպված կանոնների շնորհիվ կարող է ստեղծվել պաշտպանված զինվոր ունենալու իրական հնարավորություն՝ բացառելով օրենսդրության դրվագային կամ հատվածական լուծումներ»:
Թաթոյանն ասաց, որ ՄԻՊ աշխատակազմի դիտարկումների արդյունքում եկել են եզրակացության, որ խնդիրների մեծ մասը պայմանավորված են օրենսդրական ոչ հստակ կարգավորումներով, իրավական ակտերի մեջ եղած հակասություններով: Դրանք էլ բարդություններ են առաջացնում իրավակիրառողի համար:
«Զինված ուժերում իրավունքների պաշտպանությունը չի լինի արդյունավետ առանց մասնագիտական մոտեցման վրա հիմնված աշատանքի»,-ավելացրեց Թաթոյանը, հիշեցնելով, որ ՄԻՊ աշխատակազմում այդ առումով փոփոխություններ են իրականացրել:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանության ոլորտի օրենսդրական դաշտն ի մի բերելու կարիք կա. նախարար
- Նահապետյան. Պետք է գնահատել ՀՀ քաղաքացի չհանդիսացող հայերին որպես կամավոր ներգրավելու կարգավորումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան