Պետք չի խուճապի մատնվել. Իգնատի Առաքելյանը՝ մսի թանկացման մասին
«Դեմ եմ, որ մսի գնի թանկացումը նման «պանիկա» է ստեղծել, թե՝ վայ, միսը թանկացավ, ինչ ենք անելու։ Ոչ մի բան էլ չենք անելու, ապրանք կա՝ թանկանում է, ապրանք կա՝ էժանանում։ Շուկա է, շուկան է կարգավորում ամեն ինչ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում հանրապետությունում արձանագրված մսամթերքի թանկացմանը:
Նրա խոսքերով՝ թանկացումը կբերի ներդրումների ավելացմանը, շուկան կկարգավորի, «կդնի իր տեղը»։
Գյուղատնեսության նախարարը նշեց, որ ճիշտ չի համարում ամեն ամիս գնահատել գյուղատնտեսության արդյունքները, քանի որ ելնելով սեզոնայնությունից, բնակլիմայական պայմաններից՝ գյուղատնտեսության թվերը նախորդ ամսվա համեմատ կարող են թերի լինել:
«Մեկ ամսվա համար հայտարարել, թե գյուղատնտեսության նախարարությունը ոչինչ չի անում կամ չի տիրապետում ինֆորմացիայի, դա այդպես չէ։ Դա սուտ է։ Մենք ամեն ինչին տիրապետում ենք, ամեն ինչ վերլուծում ենք, ուղղակի ամեն ինչին չէ, որ ուզում ենք արձագանքել՝ հատկապես, եթե դա հիմնավորված չէ»,-ասաց Իգնատի Առաքելյանը:
Նախարարը նշեց նաև, որ թանկացում կա, չի կարող դա հերքել. «Ես խոսել եմ գյուղացիների հետ և նրանք տավարի, ոչխարի մսի գինը չեն թանկացրել, չնայած կա կերի գնի բարձրացում։ Չեն թանկացրել, քանի որ այսօր իրացման խնդիր ունեն։ Խոզի միսը միջազգային շուկայում է թանկացել, դա էլ մեզ մոտ բերել է խոզի մսի թանկացման։ Ոչխարի մսի արտահանումը կրկնապատկվել է, դա էլ բերել է ոչխարի մսի թանկացման, տավարի մսի բարձրացումն էլ եղել է ընդամենը 100-150 դրամով, բայց դա չի կարելի համարել թանկացում»։
Ինչ վերաբերում է անասնակերի թանկացմանը, նախարարը հաստատեց, որ թանկացում կա, բայց անասնապահներն անասնակեր ունեն: Իսկ եթե խնդիրը հասնի նրան, որ կերի պակասություն լինի, ապա, ըստ նրա, անհրաժեշտության դեպքում կառավարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի, պատրաստ են նաև անասնակեր ներմուծել:
Հարցին՝ մասնագետների կանխատեսումներով, անասնակերի նվազման պատճառով հարկադիր մորթ կիրականացվի և գարնանը մսամթերքի գինը կթանկանա 30-40 տոկոսով, Իգնատի Առաքելյանը նշեց, որ չի կարծում, թե հարկադիր մորթ կլինի. «Այս պահին անհանգստանալու բան չկա, եթե լինի՝ կարձագանքենք և համապատասխան քայլեր կձեռնարկենք: Այսօր անասնապահությամբ զբաղվող տնտեսություններն ապահովված են անասնակերով»:
Գյուղատնտեսության նախարարը նաև տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատ ավելացել է թե խոշոր, թե մանր եղջերավոր անասունների արտահանումը, ինչպես նաև՝ սպառման ծավալները:
«Ոչ մի արտառոց իրավիճակ չկա անասնապահության ոլորտում։ Այո՛, եղել է չորային, այո՛, կերը թանկացել է, հաջորդ տարի եթե բնակլիմայական պայմանները լինեն ավելի բարենպաստ, ամեն ինչը կվերականգնվի, պետք չէ խուճապի մատնվել։ Մենք հետևում ենք և ամեն ինչի համար պատասխանատու ենք», - ընդգծեց Իգնատի Առաքելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Խնդիրների լուծման արդյունքում գյուղատնտեսությունը կլինի արդյունավետ, եկամտաբեր և մրցունակ. Նախարար
- Մսի թանկացման պատճառները մեկնաբանում են մասնագետները
- Շուկայի պահանջարկն է գին ձևավորում. գյուղնախարարը՝ մսի թանկացման մասին
- Տավարի մսի թանկացման պատճառը Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան