Հրետանի, ավիացիա, հետախուզություն. Ալագյազում զորավարժություններ են
«Ալագյազ» զորավարժարանում այսօր խաղարկվեց ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի, Հայաստանի ԶՈՒ և Ռուսաստանի ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների հետ անցկացվող «Փոխգործակցություն 2017» համատեղ զորավարժության փուլերից մեկը` մարտական կրակի կիրառմամբ:
Ինչպես փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը Արագածոտնի մարզից, զորավարժություններին հետևել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ՀԱՊԿ անդամ վեց երկրների ներկայացուցիչներ:
«Ալագյազ զորավարժարանում՝ լեռնային պայմաններում ներկայացվեցին ցամաքային մարտի ժամանակակից մեթոդները: Միջազգային զորավարժության մասնակիցները հանդես են բերել փոխգործակցություն, լուծել իրենց առաջև դրված մարտական խնդիրները»,-հայտարարել է Դվորնիկովը, ավելացնելով, որ սա զինված ուժերի միջև փոխգործակության առավել արդյունավետ միջոցներից է:
«Ավիացիան, հրետանին, հետախուզությունը սերտ համագործակցության արդյունքում հաջողությամբ լուծում են կրակային առաջադրանքները»,-նշել է նա:
Նշենք, որ զորավարժությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին, կշարունակվի մինչև հոկտեմբերի 13-ը: Դրանք անցկացվում են Հայաստանի Ալագյազ ու Բաղրամյան զորավարժարաններում:
ՊՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ Զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի` 2016թ. հաստատած պլանի համաձայն` հավաքական սկզբունքով ՀԱՊԿ անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության նպատակով ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) կիրառման հարցերի մշակմամբ:
Զորավաժությանը մասնակցող ստորաբաժանումները նախապատրաստվել են պետական սահմանի պաշտպանության, հավանական հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբերի և անօրինական զինված խմբավորումների, զինյալների պատրաստման ճամբարների հայտնաբերման չեզոքացման և ոչնչացման, պատանդների ազատման ուսումնա-մարտական խնդիրների իրականացմանը:
«Փոխգործակցություն-2017» զորավարժությանը ներգրավված է ՀԱՊԿ անդամ պետությունների ավելի քան 2500 զինծառայող, շուրջ 500 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում` 25 ավիացիոն միջոցներ և թռչող սարքեր: Զորավարժությանը մարդասիրական առաքելությամբ մասնակցում են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան