Գնահատականը բարձր է. Գեներալ-մայոր Տիրան Խաչատրյան
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը բարձր է գնահատում այսօր «Ալագյազ» զորավարժարանում անցկացված «Փոխգործակցություն 2017» համատեղ զորավարժության փուլերից մեկը` մարտական կրակի կիրառմամբ:
«Գնահատականը բարձր է։ Իհարկե, վերջնական արդյունքները կորոշվեն կրակային խոցման արդյունքների հաշվարկից հետո, սակայն մարտավարական գործողությունների և ընդհանուր խնդրի կատարման համար լավ գնահատականի է արժանի»,- զորավարժության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նա։
ԳՇ օպերատիվ վարչության պետի խոսքով՝ «Ալագյազ» զորավարժարանում գործող ստորաբաժանումների համար խնդիր էր դրված ըստ իրադրության, որը բարեհաջող կերպով ղեկավարության կողմից պլանավորվեց և զորքի կողմից հասցվեց իր ավարտին։
«Զորավարժությունները համատեղ պլանավորված միջոցառումների շրջանակում են, որոնք սկսվել էին դեռևս մեկ շաբաթ առաջ։ Ընդ որում զորավարժությունների պլանի համաձայն իրականացվեցին հրամանատարաշտաբային զորախաղեր, որից հետո կազմակերպվեցին ուժերի ու միջոցների հետ ներդաշնակման պարապմունքներ։ Դրանից հետո բուն զորահավարժությունների ընթացքում ներգրավվեցին բոլոր այն նմանակող ուժերն ու միջոցները, որոնք համաձայն գործող պայմանագրերի, ընդգրծված պետք է լինեն տարբեր երկրների կամ տարբեր իրավիճակների ու սպառնալիքների ժամանակ անհրաժեշտ գործողություններին»,- մանրամասնրեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը։
Գեներալ-մայորը հավելեց՝ քանի որ ՀՀ տարածաշրջանում են իրականացվում զորավարժությունները, ընդգրկված են ոչ միայն ՀԱՊԿ-ում ընդգրկված զորախմբերը, այլ նաև 102-րդ ռազմաբազայի զորախումբը, որը միացյալ զորախմբավորման մասն է կազմում։