Սպաների սահմանային տարիքը չի երկարացվի. նախարար
Պաշտպանության ոլորտում առաջարկվող կարգավորումների համաձայն՝ սպաների սահմանային տարիքը չի երկարացվի: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Սահմանային տարիքի հասած սպայական անձնակազմի զորացրման հարցը այժմ լուրջ է։ Օրենքով կարող էր երկարացվել մինչև հինգ տարի, երկարացնել-չերկարացնելը բավականին սուբյեկտիվ գործընթացը էր, ամեն անգամ որոշում կայացնողը կարող էր առանց որևէ լուրջ բացատրություն տալու մեկին երկարացնել, մեկին չերկարացնել:
Սա արդարության նկատմամբ շատ լուրջ խնդիր էր ձևավորում նույն սպայական անձնակազմի մեջ, որոշակի կոռուպցիոն ռիսկեր էր պարունակում, նաև որոշակի բարդություն է ստեղծում սպայական կազմի հետագա աճի համար: Մենք առաջարկում ենք վերացնել երկարացման հնարավորությունը, սահմանային տարիքը մնում է նույնը, նույն կոչման մեջ ծառայության տևողությունը մնում է նույնը, բայց սահմանային տարիքի հասնելու պարագայում զորացրումը դառնում է ավտոմատ»,- ներկայացնելով առաջարկվող կարգավորումները՝ ասաց նախարարը:
Վ. Սարգսյանի խոսքով, կան բացառություններ՝ ռազմաբժշկության ոլորտ, ռազմադասախոսական գործունեություն և շարքային կազմի որոշ մասնագիտություններ, որոնց ցանկը սահմանում է կառավարությունը։
Վ. Սարգսյանը նաև նշեց, որ կարևոր հարցերից է սպաների բնակարանային ապահովման հարցը. «Սա մեզ համար հարցերի հարցն է սպայական անձնակազմի սոցիալական պաշտպանվածության և նաև դեպի մասնագիտություն գրավչության ավելացման տեսակետից»:
«Հետևողական փորձ է կատարվել իրականացնել ծրագիրը, բայց տարիների ընթացում նման կարգով բնակարան է ստացել մոտ 1700 սպա: Բավականին մեծ ֆինանսական բեռ է եղել, բայց գնահատելով, չեմ կարծում, որ լուրջ խնդիր է լուծել: Այդ կարգավորումները, որ նվազագույն շեմ պետք է լինի և այլն, ձևավորել է մեծ խնդիր. սպան արհեստականորեն վատթարացրել է իր բնակարանային պայմանները, օտարել է բնակարանը, չի գրանցել իրեն հասանելիք ժառանգությունը, որպեսզի ցույց տա, որ ունի բնակարանի կարիք: Արդյունքում ձևավորել է հսկայական ցուցակ: Մենք առաջարկում ենք այս կարգը փոխարինել հատուկ բնակարանային ծրագրով, որի մանրամասները շարունակվում են քննարկվել»,- ասաց նախարարը:
Նա հույս հայտնեց, որ մինչև այս ամսվա վերջ քննարկումները կավարտվեն, նոյեմբերին կներկայացվի հանրությանը:
«Բոլոր դեպքերում խոսքը գնում է մինչ օրս գործած բոլոր հիպոթեքային ծրագրերի համեմատ անհամադրելի ավելի հարմար պայմանների մասին։ Ընդ որում՝ յուրաքանչյուր սպա, անկախ նրանից՝ ինքը հորական տուն ունի, թե հատուկ է վատթարացնում է իր պայմանները և այլն, ծառայության ընթացքում մեկ անգամ իրավունք ունի այդ ծրագրից օգտվել։ Այսինքն որևէ բան կեղծելու, սարքելու խնդիր չի լինի»,- հավելեց նախարար Վիգեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Նորակոչիկի առողջական վիճակի որոշման խնդիրը թողնված է 3-4 օղակի վրա՝ լղոզված պատասխանատվությամբ»
- Գործող օրենսդրությամբ նախատեսված տարածքային սահմանափակումները հանվում են. Պաշտպանության նախարար
- ՄԻՊ. Իրավունքների պաշտպանության առումով մարտահրավերներ կան նաև Զինված ուժերում
- Օրենսդրական կարգավորումների նպատակը ԶՈՒ մարտունակությունը բարձրացնելն է. Վ. Սարգսյան
- Պաշտպանության ոլորտի օրենսդրական դաշտն ի մի բերելու կարիք կա. նախարար
- Նահապետյան. Պետք է գնահատել ՀՀ քաղաքացի չհանդիսացող հայերին որպես կամավոր ներգրավելու կարգավորումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան