Հայաստանն ընդգրկվում է «նորարարական նվաճում արձանագրող» երկրների խմբում
Ըստ «Գլոբալ նորարարության ինդեքս 2017թ.» վարկանիշավորման, Հայաստանն ընդգրկվում է «նորարարական նվաճում արձանագրող» երկրների խմբում, որտեղ ներկայացված է թվով 17 զարգացող երկիր՝ նորարարության արդյունավետության և կատարողականի բարձր ցուցանիշներով։
Նման տվյալներ ներկայացվել են Նյու Յորքում տեղի ունեցած «Գլոբալ նորարարության ինդեքս 2017թ.» կլոր սեղան-քննարկմանը, որին մասնակցել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, նորարության ոլորտի առաջատար փորձագետների, ակադեմիական շրջանակների, ՄԱԿ-ի անդամ-երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած միջոցառմանը քննարկվել է նորարարության դերը՝ տնտեսական աճ և կայուն զարգացում խթանելու առումով, ներկայացվեցին 2017թ․ վարկանիշավորման արդյունքներն ու մեթոդաբանությունը։
Միջոցառմանը քննարկվել են արդյունավետության չափանիշները՝ նորարարության և եկամուտի մակարդակի հարաբերակցության առումով։ Հայաստանի օրինակով արձանագրվեց, որ նորարարությունը չի սահմանափակվում տնտեսության ոլորտում աշխարհի առաջատար երկրներով։
«Գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցը վարկանիշավորում է երկրների տնտեսությունների նորարարական ներուժը։ «Գլոբալ նորարարության ինդեքս 2017թ» վարկանիշը կազմվել է 81 չափորոշիչների հիման վրա՝ 127 երկրների տնտեսությունների համար (աշխարհի բնակչության 92.5%-ը և համաշխարհային ՀՆԱ-ի 97.6%-ը)։