Մասիս քաղաքում վարչական վարույթ է իրականացնում
Արարատի մարզի Մասիս քաղաքի և հարակից տարածքների շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառները պարզելու համար բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմինը միջոցներ է ձեռնարկում պարզելու, թե տվյալ տարածքում գործող որ ձեռնարկությունների արտադրական արգասիքներում են գերազանցում քիմիական նյութերի թույլատրելի չափաքանակը, որոնք թափվում են կոյուղաջրերի հեռացման համակարգ և դառնում մթնոլորտի աղտոտվածության պատճառ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը նշել է, որ տարածքային ստորաբաժանումների տեսուչների կողմից բացահայտվել է նաև այն հանգամանքը, որ տեղացիները կոտրել են կոյուղաջրերի հեռացման համակարգի խողովակները, ավազի պարկերով ծածկել դիմացը, որպեսզի ջուրը նստվածքներից առանձնանա, բարձրանա, և այդ ջրով իրականացրել գյուղատնտեսական դաշտերի և այգիների ոռոգում, ինչը կրկնակի է ազդել մթնոլորտի և շրջակա միջավայրի աղտոտվածության վրա:
Տեսչական մարմնի տարածած հաղորդագրության համաձայն, աղտոտվածության աղբյուրները բացահայտելու նպատակով պարբերաբար տարածքի տարբեր վայրերից կատարվում են ջրի և օդային ավազանի նմուշների լաբորատոր փորձաքննություններ:
Տեսչական մարմնի լաբորատորիայի աշխատակիցները սեպտեմբերի 27-ին տարածքում գտնվող 10 դիտահորերից կատարել է նմուշառում` պարզելու քիմիական, որ նյութերի թույլատրելի չափաքանակի գերազանցումը որտեղ է հասնում առավելագույնի։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Մասիս-Այնթափ ճանապարհի 13 կմ-ի վրա գտնվող դիտահորում քիմիական նյութերի թույլատրելի չափաքանակի գերազանցումն ամենաբարձրն է։
Տեսչական մարմնի լաբորատորիայի պետ Գայանե Շահբազյանը տեղեկացրել է, որ, հոկտեմբերի 3-ին նույն դիտահորից կատարված նմուշառման անալիտիկ հետազոտության արդյունքները վկայում են, որ առկա է աղտոտող նյութերի չափաքանակի նվազում. համաձայն սեպտեմբերի 27-ին կատարած նմուշառումների լաբորատոր փորձաքննությունների արդյունքի ծծմբաջրածնի քանակն եղել է 0.824 մգ/լիտր, իսկ հոկտեմբերի 3-ի դրությամբ՝ 0.011 մգ/լիտր, ամոնիակինը սեպտեմբերի 27-ի դրությամբ՝ 4.5 մգ/լիտր է, իսկ հոկտեմբերի 3-ին` 0.8 մգ/լիտր։ Ս.թ. հոկտեմբերի 10-ին նույն դիտահորից կատարվել է ևս մեկ նմուշառում, ինչը լաբորատոր փորձաքննության ընթացքում է։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանի մոտ այսօր տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են Տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարությունների, «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերության համապատասխան աշխատակիցները, որի ընթացքում համադրվել են դիտահորերից կատարված նմուշառման անալիտիկ հետազոտության արդյունքներն, ուսումնասիրվել կոյուղատար համակարգի ողջ ցանցը, քննարկվել կոյուղատար համակարգին ապօրինի միացումների հարցը, ինչը ևս խոչընդոտում է բացահայտման աշխատանքներին։
Խորհրդակցության ժամանակ որոշվել է կոյուղատարի ողջ երկարությամբ իրականացնել նմուշառման աշխատանքներ։
Մասիս քաղաքում տարածված գարշահոտության վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հարակից հրապարակումներ`
- «Երկիր Ծիրանի»-ն իրազեկում է Մասիսում տիրող էկոլոգիական իրավիճակի մասին
- Փոխնախարար. Նորագավիթում վատ հոտի պատճառը ջրանցքն է
- Մասիսում տարածված գարշահոտությունը «Նաիրիտ» գործարանի հրդեհի արգասիք չէ. ԱԻՆ
- Մասիսի գարշահոտության մասին «Երկիր Ծիրանի»-ն հարցեր է ուղղում նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան