Ակնհայտ է՝ բանակցային գործընթացում առաջընթացի դրական որևէ միտում չկա. Շավարշ Քոչարյան
«ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում առաջընթացի դրական որևէ միտում չկա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Պատասխանելով հարցին՝ արդյոք նախագահների հանդիպման համար միջազգային հանրությունից հայկական կողմը ստացել է ռազմական գործողություններ չսկսելու երաշխիքներ՝ փոխնախարարը նշեց, որ հանդիպումն ու երաշխիքը միմյանց հետ չի կարելի կապել:
«Հիշեցնեմ մի բան, որն այսօր շատ է շահարկվում, խոսքը վերաբերում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին: Իրականում կա կրակի, ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմն ամրապնդելու մասին 1995 թվականի եռակողմ համաձայնագիր՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև, և դա, ըստ էության, Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է: Տրամաբանությունը շատ պարզ է, 1994թ-ին ստորագրվեց ռազմական գործողությունների և կրակի դադարեցման ռեժիմը հաստատելու մասին համաձայնագիրն՝ այն ակնկալիքով, որ պետք է լինի համապարփակ կարգավորում: Շատ պարզ տրամաբանություն էր, որ դրա համար պետք է լինի փոխվստահություն: Այն հանգամանքը, որ անցել է 20 տարուց ավելի և բանակցային գործընթացում առաջընթաց չկա՝ պայմանավորված է հենց դրանով: Նույնը մենք տեսանք ապրիլին, երբ Ադրբեջանը փորձեց վերսկսել ռազմական գործողությունները»,- նշեց Շավարշ Քոչարյանը:
Ըստ փոխնախարարի՝ հրադադարի ռեժիմի ամրապնդումը հայկական կողմի նախապայմանը չէ, դա մի կողմից Ադրբեջանի պարտավորությունն է, մյուս կողմից՝ համանախագահների շատ տրամաբանական մոտեցումը. «Ի՞նչպես կարելի է խոսել առաջընթացի մասին, եթե կողմերի միջև չկա վստահություն: Ավելին, ինքնին այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է իր միջազգային պարտավորություններից՝ արդեն հարցականի տակ է դնում ապագա ցանկացած համաձայնություն: Նա կարող է ստորագրությունը դնել այդ համաձայնության տակ և վաղը չկատարել, ինչի ապացույցն են հենց այդ նույն համաձայնագրերի խախտումները»:
Հարցին, ունե՞նք երաշխիք, որ ադրբեջանական կողմը բանակցելով ռազմական գործողությունները չի վերսկսի, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Իհարկե չունենք: Ավելին, բանակցային գործընթացի տեղում դոփելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ի սկզբանե Բաքուն ընտրել էր ուժային քաղաքականություն՝ ի պատասխան ինքնորոշմանը, և առ այսօր այդ քաղաքականությունից չի հրաժարվում»:
Դիտարկմանը, թե այդ դեպքում ո՞րքանով է նպատակահարմար գնալ բանակցությունների՝ Շավարշ Քոչարյանը նշեց, որ միշտ պետք է գիտակցել, երբ խոսքը վերաբերում է բանակցային գործընթացին, ապա կա երկու հարթություն: Մեկը, ըստ նրա, վերաբերում է նրան, որպեսզի չվերսկսվեն ռազմական գործողությունները, դա նաև եռանախագահների առաքելությունն է, մյուսը՝ ապահովել առաջընթաց բանակցային գործընթացում:
«Այս երկու հարթությունները միմյանց հետ սերտ կապված են: Հաշվի առնելով նաև ապրիլյան պատերազմը, ակնհայտ է, որ եռանախագահները շեշտադրումն առաջին հերթին դնում են վստահության մթնոլորտի վրա: Այդ տեսակետից, պետք է հստակ գիտակցենք, քանի որ շատ անգամ պատկերացումն այսպիսին է, թե գնում են հանդիպման՝ կարգավորման հարցում առաջընթաց արձանագրելու: Ցավոք սրտի, դա դեռևս այդպես չէ և առաջնային խնդիրը վստահության մթնոլորտն է, որն իր հերթին նշանակում է, որ պետք է այդ սադրանքներին վերջ տրվի: Կամ Ադրբեջանը պետք է բերվի կառուցողական դաշտ, ավելին՝ պետք է լինեն երաշխիքներ, որ կբացառվեն ստորագրությունից հրաժարվելու իրավիճակները, որից հետո նոր հնարավոր կլինի խոսել առաջընթացի մասին: Ակնհայտ է, որ այսօր չկա որևէ դրական միտում, որը թույլ կտա խոսել առաջընթացի մասին բանակցային գործընթացում»,- հայտարարեց Շավարշ Քոչարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին