«Yerevan Jazz Fest 2017»-ը կհյուրընկալի ջազի գերաստղեր դարձած երաժիշտների
Արդեն երկու տարի է, ինչ Ջազի հայկական ասոցիացիան կազմակերպում է «Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային փառատոնը: Կազմակերպիչները Panorama.am-ին տեղեկացրեցին, որ «Yerevan Jazz Fest 2017»-ը կմեկնարկի հոկտեմբերի 26-ին, իսկ փակման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին:
«Yerevan Jazz Fest 2017»-ը նվիրված է հայտնի Zilidjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլիդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների ծնծղաների արտադրությանը:
Կազմակերպիչների խոսքով, փառատոնն այս տարի լինելու է էլ ավելի մասշտաբային և կհյուրընկալի ջազի գերաստղեր դարձած երաժիշտների, ովքեր բեմ կբարձրանան հայ ջազմենների հետ միասին: Այս տարի Երևան կայցելեն մեգաաստղեր Մարկուս Միլլերն ու Գոնսալո Ռուբալկաբան:
Փառատոնի բացումը տեղի կունենա հոկտեմբեր 26-ին Մարզահամերգային համալիրում, ելույթ է ունենալու Մարկուս Միլլերն ԱՄՆ-ից:
Հոկտեմբեր 29-ի համերգը կկայանա Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում, ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղ. ղեկավար Արմեն Հյուսնունց), Լևոն Մալխասյանը, Իգոր Բուտմանը (Ռուստաստան), Անի Արզումանյանը (Ֆրանսիա), Աննա Վարդազարյանը:
Հոկտեմբեր 30-ին փառատոնային համերգը կկայանա Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնում, ելույթ կունենա Լևոն Մալխասյանը, Ալեքսիս Ավագյանը (Ֆրանսիա), «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը, Վազգեն Ասատրյանը, Լուսինե Սարգսյանը:
Նոյեմբեր 1-ին Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում հանդես կգա Արտո Թունջբոյաջյան և Armenian Navy Band-ը, Արտակ Ներսիսյանը, Մարինե Հակոբյանը, Պակո Սառը (Սենեգալ):
Փառատոնի փակման համերգը կկայանա Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում Գոնսալո Ռուբալկաբայի (Կուբա), Վահագն Հարապետյան կվինտետի, Ալեքսիս Ավագյանի ( Ֆրանսիա) մասնակցությամբ կայանալիք համերգով: