Խոշորացվող համայնքներում կձևավորվեն բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոններ
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ խոշորացվող համայնքներում բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնների ձևավորմանը:
Վարչապետի խոսքով՝ համայնքներում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարելավելու նպատակով արդեն իսկ գործարկվել են համալիր սոցիալական ծառայությունների 19 կենտրոններ։ Հետագայում այս կենտրոնները փոխանցվելու են համայնքներին։
«Միաժամանակ, մատուցվող ծառայությունների որակը և արդյունավետությունը բարելավելու նպատակով աշխատանքներ են տարվում խոշորացվող համայնքներում բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնների ձևավորման ուղղությամբ»,- ասաց վարչապետը:
Ելնելով վերոնշյալից և կարևորելով համայնքային ծառայությունները մեկ պատուհանի սկզբունքով մատուցել, Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև Պետական գույքի կառավարման վարչության պետին, 10-օրյա ժամկետում մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և բազմաֆունկցիոնալ համայնքային սպասարկման կենտրոնների նույն հարթակում կազմակերպելու նպատակով միասնական կենտրոնների ձևավորման վերաբերյալ առաջարկություններ, մասնավորապես` հստակ անդրադառնալով համապատասխան տարածքները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնելու հարցին։
Բացի այդ, վարչապետը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ձևավորման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ ամսական պարբերականությամբ Կառավարության աշխատակազմ ներկայացնելով տեղեկատվություն կենտրոնների ձևավորման ընթացքի և արդյունքների վերաբերյալ։
«Մենք ունեինք ծրագիր, որ ստեղծել էինք սոցիալական ապահովության նախարարության կենտրոններ բոլոր տարածքներում, որպեսզի մեր բնակչությանը տայինք որակյալ նոր կարգի ծառայություններ: Նախատեսված էր ֆինանսական միջոցներ վարկային, որպեսզի դրա համար համապատասխան շինություններ կառույցներ կառուցվեն: Խոշորացման ծրագիրը, համայնքային բարեփոխումների ծրագիրը ցույց է տալիս, որ մենք այնտեղ ունենք տարածքներ, որոնք կարող ենք օգտագործել, մեր ֆինանսական միջոցները խնայել և «մեկ պատուհան» գաղափարով մի հարթակ ստեղծել, որտեղ բնակիչը բոլոր հնարավոր ծառայությունները ստանա: Մենք ունենալու ենք այստեղ ֆինանսական միջոցների օպտիմալացում, նաև ծառայությունների հարմարավետություն: Տարածքային կառավարման և սոցիալական ծառայության նախարարների հետ, քննարկել ենք, որ տնտեսված միջոցները ուղղենք տեխնիկական վերազինմանը, ավելի որակով ծառայություն մատուցելուն»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան