Արփինե Հովհաննիսյան․ ԵԺԿ ղեկավար Աքսել Ֆիշերը հրաժարական է տվել
Այսօր առավոտյան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տեղի է ունեցել ԵԺԿ խմբի արտահերթ նիստը, որի ժամանակ հրաժարական է ներկայացրել ԵԺԿ խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը։
Ֆիշերի հրաժարականի պատճառը եղել են դեռևս նախօրեին խմբում տեղի ունեցած իրադարձությունները։
«Երեկ ԵԺԿ խմբում քվեարկության էր դրվել մի հարցադրում, որում ասվում էր, որ ԵԽԽՎ քաղաքական մյուս խմբերը, քվեարկելով ԵԽԽՎ նախագահ ընտրված Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսի օգտին, խախտել են ԵԽԽՎ այն պայմանավորվածությունը, ըստ որի պետք է քվեարկեն խմբի կողմից ներկայացված թեկնածուի օգտին։ Այս նախաձեռնության նպատակն այն էր, որ հունվարին կայանալիք ԵԽԽՎ նախագահի ընտրություններում ԵԺԿ-ն հիմք ունենա ու կրկին ներկայացնի իր թեկնածուին՝ խախտելով այն պայմանավորվածությունը, որ հաջորդ նախագահը պետք է լինի սոցիալիստների խմբից»,-այս մասին Panorama-ին ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։
Նշենք, որ ԵԽԽՎ նախագահի ընտրություններում առաջադրվել էին 2 թեկնածուններ՝ Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսն ու Լիտվան ներկայացնող Էմանուելիս Զինգերիսը՝ երկուսն էլ ԵԺԿ խմբից։ ԵԺԿ խմբի պատգամավորները, սակայն, մի քանի անգամ վեհաժողովի դահլիճում հայտարարեցին, որ իրենց թեկնածուն Զինգերիսն է, ով խմբում տեղի ունեցած քվեարկության արդյունքում ստացել էր 5 քվե ավելի։ Ընթացակարգով Կիրիակիդեսն իրավունք ուներ չհանել իր թեկնածությունը, ինչն էլ արեց, ու ընտրվեց ԵԽԽՎ նախագահ։
«Աքսել Ֆիշերը ցանկանում էր, որ արձանագրվի, թե տեղի է ունեցել խախտում, որը նրան հնարավորություն կտար հունվարին առաջադրվել որպես ԵԺԿ թեկնածու՝ ԵԽԽՎ նախագահի պաշտոնի համար։ Սակայն թեժ քննարկման ու խմբում քվեարկության արդյունքներով՝ 26-24 հարաբերակցությամբ, որոշվեց, որ կանոնները չեն խախտվել։ Քանի որ Ֆիշերի առաջարկը չանցավ, ստեղծվեց իրավիճակ, որ նա որոշեց, որ պետք է հրաժարական տա»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը։
ԵԺԿ-ն խմբի նոր ղեկավար կընտրի հունվարին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին