Հայաստանն աջակողմյան երթևեկության երկիր է, չի կարող լինել երկու կողմ. Վահան Մարտիոսյան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ աջ ղեկով մեքենաներն արգելելու մասին քննարկումներ չկան:
«Երբ օպտիմալ լուծումը գտնենք, կներկայացնենք», - ասաց նա:
Դիտարկմանը, թե նախարարը, կարծես, մարտական է տրամադրված, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Մարտական չեմ տրամադրված, դա այն խնդիրն է, որ ինչ-որ մի օր պիտի լուծենք։ Եթե ժամանակին չի արգելվել, մի օր պիտի գա, որ կարգավորենք։ Հայաստանն աջակողմյան երթևեկության երկիր է, չի կարող լինել երկու կողմ»:
Նախարարի խոսքերով՝ մեքենաները շրջանառությունից հանելու խնդիր չկա. «Ժամանակ կտրամադրվի, 20 կամ 50 տարի, կոնկրետ բան չկա, բայց քանի որ Հայաստանն աջակողմյան երթևեկության ապահով երկիր է, պետք է այդ խնդիրը լուծվի»:
Վահան Մարտիրոսյանը նշեց նաև, որ անձամբ է փորձել աջ ղեկով մեքենա վարել և համոզվել է՝ հարմարավետ չէ։
Հարցին, թե արդյոք աջակողմյան ղեկով մեքենաների երթևեկությունն արգելելու դեպքում պետությունը կաջակցի դրանց վաճառքի կամ ղեկի տեղափոխման հարցում՝ Վահան Մարտիրոսյանը նշեց. «Իսկ եթե չպարտադրվի՞ ղեկը փոխել: Եթե որոշում չկա, ինչի՞ մասին է խոսքը»:
Անդրադառնալով վարչապետի հանձնարարականին՝ էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումն ազատել հարկերից, տուրքերից և գույքահարկից, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ պետք է նայել ապագայի մարտահրավերներին և չսահմանափակվել «յոլա գնալու» մոտեցմամբ։
«Ամբողջ աշխարհը գնում է էլեկտրական մեքենաների։ Երկրներ կան՝ հայտարարել են, որ 2025 թ-ից արգելելու են վառելիքով մեքենաները։ Եվրոպական երկիր գնացեք ու հարցրեք՝ կա՞ն աջակողմյան մեքենաներ»,-ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին աջակողմյան ղեկով մեքենաների շահագործումը դադարեցնելու որևէ իրավական ակտ չկա. պարզաբանում
- Աջակողմյան ղեկով մեքենաների վերաբերյալ դեռևս որևէ որոշում չկա. Վահան Մարտիրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին