Վարչապետը վստահ է՝ ԱՄՆ–ի հետ համագործակցությունը զարգացնելու ավելի մեծ ներուժ կա
ԱՄՆ ՄԶԳ` Հայաստանի ժողովրդի հետ գործընկերության 25-ամյա հոբելյանին նվիրած տոնական միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց բոլորին՝ այս տարիների ընթաքում արդյունավետ համագործակցության և բազմաթիվ ծրագրերի իրականացման համար։
Վարչապետի խոսքով՝ դրանք միանշանակ դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման վրա։
«Վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը մեծ օժանդակություն է ցուցաբերել Հայաստանին՝ օգնելով շուկայական տնտեսության, ժողովրդավարության կայացմանը։ Դրանք նաև նախագծեր էին՝ ուղղված երկրաշարժի հետևանքների վերացմանն ու հումանիտար էին իրենց բնույթով։ 90-ակաների վերջին մենք զարկ տվեցինք համագործակցության նոր ձևաչափի։ Շեշտադրումները դրեցինք շուկայական տնտեսության, մասնավոր հատվածի ամրապնդման, մակրոտնտեսական բարեփոխումների վրա՝ խթանելով ներդրումային միջավայրը և հիմքեր դնելով կայուն զարգացման համար»,- նշեց վարչապետը։
Կարեն Կարապետյանը շեշտեց, որ ԱՄՆ-ն հանդիսանում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը և վստահեցրեց, որ համագործակցության էլ ավելի մեծ ներուժ կա, որը պետք է զարգացնել և իրականացնել։
«Մենք նախաձեռնել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում՝ ապահովելու կայուն երկարաժամկետ աճ երկրի համար և Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար։ Մեզ անհրաժեշտ է արդյունաբերական կրկնակի աճ բոլոր ոլորտներում, ինչպես նաև մտածելակերպի և գործելակերպի փոփոխություն»։
Իր խոսքի վերջում վարչապետը հայտնեց, որ այս պահին ամերիկացի գործընկերների հետ համատեղ աշխատանք է տարվում տնտեսական աճի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ինչպես նաև սոցիալական և կրթական ուղղվածություն ունեցող բազմաթիվ ծրագրերի ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում