Մալկովիչն իր ցանկությամբ է երևանյան համերգին կատարել հայկական գրական ստեղծագործության
Աննախադեպ ծրագրով տրվել է Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի մեկնարկը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում միահյուսվել էին արվեստի հզորագույն ճյուղերը՝ երաժշտությունն ու գրականությունը։ Եվ այս միաձուլումն է՜լ ավելի ազդեցիկ էր, քանի որ ներկայացվում էր մեր օրերի մեծագույն դերասան Ջոն Մալկովիչի մատուցմամբ։
Փառատոնի լրատվական ծառայության հաղորդմամբ, Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտի հնչյունների ներքո Մալկովիչը ներկայացրել է արգենտինացի գրող Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելի «Հաղորդագրություն կույրերի մասին» գլուխը (էկրանին հայերեն թարգմանությամբ)։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես է եկել դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։
Հոլիվուդի լեգենդը նաև անակնկալ էր պատրաստել երևանյան հանդիսատեսին՝ ներկայացնելով հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի անգլերեն թարգմանությունից։ Նարեկյան ընթերցանությունն ուղեկցվում էր ժամանակակից կոմպոզիտոր Վարդ Մանուկյանի «Խոստովանություն» սիմֆոնիայի հնչյուններով։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի տեղեկացմամբ՝ Մալկովիչի կողմից հայկական գրական ստեղծագործության ընթերցում ի սկզբանե նախատեսված չէր, դերասանն ինքն է ցանկություն հայտնել կատարել որևէ հայկական գործ։ Փառատոնի կազմակերպիչների կողմից առաջարկվել է Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, և մեծ է եղել զարմանքը, երբ տեղեկացել են, որ Մալկովիչը քաջատեղյակ է միջնադարյան հայ մեծ բանաստեղծի և փիլիսոփայի արվեստին, ավելին, շատ լավ պատկերացնում էր, թե «Նարեկի» որ հատվածն է ընթերցելու։
Մաեստրո Սմբատյանի խոսքով, շատ կարևոր է համերգի ասելիքը։ «Ջոնը շատ է հավատում, որ այն, ինչ տեղի է ունենում տեքստային ֆորմատի և երաժշտության ներքո, կարող է փոխել մարդուն»,- փոխանցեց Սերգեյ Սմբատյանը։
Փառատոնի բացման համերգին հնչել է նաև Էդվարդ Միրզոյանի լարայինների և գոսերի սիմֆոնիան (գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի)։
Ջոն Մալկովիչի երևանյան բացառիկ համերգի պաշտոնական գործընկերն էր լեգենդար Արարատ հայկական կոնյակը:
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը, որ անցկացվելու է մինչև դեկտեմբերի 11-ը, նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին: Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Փառատոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ջոն Մալկովիչը հատվածներ է կարդալու «Մատյան Ողբերգության» պոեմից
- Նախագահը հյուրընկալել է հոլիվուդյան դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին
- Ջոն Մալկովիչն այցելել է Ծիծեռնակաբերդ
- Ջոն Մալկովիչ. Հարատևում է արվեստի այն գործը, որը խորությամբ է դիպչում մարդուն
- Ջոն Մալկովիչն անհամբեր սպասում է հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը
- Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչի ելույթով կմեկնարկի Խաչատրյանի միջազգային փառատոնը
- Հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչը կայցելի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան