Հարություն Մերդինյան. Այժմ հիմնական նպատակս Տոկիոյի օլիմպիական խաղերն է
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներից Հարություն Մերդինյանն աշխարհի առաջնությունում նժույգթափեր վարժությունում 5-րդ տեղն է զբաղեցրել: ՀԱՕԿ պաշտոնական կայքը գրում է, որ նժույգի վարպետը գոհ է իր մրցելույթներից: Մարզիկն այս պարագայում ավելի շատ կարևորում է վարժության մաքուր կատարումը, քան զբաղեցրած տեղը.
«Մարզիչներս ասացին, որ իմ առջև դրված առաջադրանքը կարողացել եմ լավ կատարել: Ես նույնպես գոհ եմ: Ինձնից կախված ամեն բան արել եմ:
Որակավորման փուլում շատ երկար սպասեցինք վարժությունը կատարելուն, տեխնիկական խնդիրներ կային: Սառել էի, մի պահ քիչ էր մնում ընկնեի նժույգից: Բայց, երևի հենց լավ մարզավիճակում լինելու շնորհիվ կարողացա շտկել իրավիճակը, մեկ պտույտ կատարել ու շարունակել վարժությունը:
Սովորաբար ես երկար ժամանակ չեմ կարողանում լավ մարզավիճակում լինել: Մոտ 15-20 օր, հակառակ դեպքում՝ ուսերս, ձեռքերս սկսում են ցավել, երևի տարիքից է (ծիծաղում է,- խմբ.): Մրցումներին լրջորեն սկսում եմ պատրաստվել մեկ կամ մեկ ու կես ամիս առաջ:
Այժմ հիմնական նպատակս Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերն է: Չգիտեմ՝ որքանով կհաջողվի ուղեգիր ձեռք բերել: Առանձին գործիքների վրա ավելի բարդ է վարկանիշ վաստակելը, բայց պայքարելու եմ մինչև վերջ»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Հարություն Մերդինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան