Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ Ժնևում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հաջորդ շաբաթ Ժնևում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին այսսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը նախաձեռնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
«Գիտեք Հայաստանի տեսակետները ԼՂ հիմնախնդրի հետ կապված, որը Հայաստանի նախագահը վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրել էր։ Չնայած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններին, այնուհանդերձ, Հայաստանի նախագահը մասնակցելու է այդ հանդիպմանը», - հայտարարեց Արմեն Աշոտյանը։
Հարցին, թե ինչո՞ւ Սոչիում տեղի չունեցավ Սարգսյան-Ալիև հանդիպում, պատգամավորը նշեց, որ հանդիպման նախաձեռնողները Մինսկի խմբի համանախագահններն են, և այստեղ որևէ ինտրիգ փնտրել պետք չէ։ «Չկայացավ, քանի որ ի սկզբանե նման հանդիպում ծրագրված չէր», - ընդգծեց նա:
Արմեն Աշոտյանը նշեց նաև, որ բանակցային գործընթացի հաջող ընթացքի համար անհրաժեշտ է ստեղծել արժանահավատ անվտանգ միջավայր։
«Բանակցություններն այս պահին շարունակվում են, բայց այս փուլում ավելի կարևոր է այդ գործընթացում բարենպաստ միջավայրի վերականգնումը, որը թույլ կտա ավելի լավատեսորեն նայել դեպի բանակցային ապագա։ Դուք ծանոթ եք Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններին, բոլոր դեպքերում հավատարիմ մնալով Մինսկի խմբի ձևաչափին ու սկզբունքներին, Հայաստանը միշտ կառուցողական է եղել բանակցային գործընթացում իր լուման ունենալու տեսանկյունից», - նշեց Արմեն Աշոտյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները