Հայաստանում աճել է բանջարեղենի, տոմատի, ձկան պահածոների արտադրությունը
Վերջին ամիսներին հանրապետությունում արձանագրվում է պահածոների արտադրության աճ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 9 884.9 տոննա պահածո, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 33.6 տոկոսով:
Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 4 949.3 տոննա բանջարեղենի պահածո` նախորդ տարվա հունվար-օգոստոսին գրանցված 2 842.3 տոննայի դիմաց (74.1%-ի աճ)։
Միաժամանակ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա հունվար-օգոստոսին արտադրված պահածոներից 2 833.9 տոննան կազմել են մրգի պահածոները՝ 2016թ-ի հունվար-օգոստոսի համեմատ աճելով 1.3 տոկոսով, 160.5 տոննան՝ ձկան (աճը` 53.7%), 15.1 տոննա՝ խեցգետնի (81.4%-ի անկում), 553.6 տոննան՝ մսաբուսական (նվազում՝ 25.2%), 266.3 տոննան՝
մսի (անկումը՝ 31.2) պահածոները:
Նշված ժամանակահատվածում նաև արտադրվել է 1 106.2 տոննա տոմատի պահածո, ինչը նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ աճել է 2.5 անգամ:
Ինչ վերաբերում է կետչուպի արտադրությանը, ապա հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 296.3 տոննա կետչուպ` 2016 թ-ի հունվար-օգոստոսին գրանցված 319.2 տոննայի դիմաց: