Երևանի վերջին տարիների կառուցապատումը բացարձակ հակաէկոլոգիական է. Կարինե Դանիելյան
Աշխարհի գիտնականները ավելի քան հիսուն տարի է՝ դիմում են ՄԱԿ-ին՝ փաստելով, որ քաղաքակրթությունը գնալով ավելի ու ավելի է մխրճվում բնապահպանական ոլորտ: Նրանք ահազանգում են, որ ամենաշատը քսան տարի է մնացել, որպեսզի մարդն այլևս չկարողանա ապրել շրջակա միջավայրում: Այսօր՝ «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, այս մասին ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
«Մոլորակը մեզ պատասխանում է բոլոր հնարավոր ուղիներով, այդ թվում՝ բնական աղետներով: Իսկ վերջին եռամյակում աղետների քանակը եռապատկվել է: Մոլորակը փորձ ունի հրաժարվել իր զարգացումը խաթարող ուժերից, իսկ այդ ուժն այսօր մարդն է»,- ասաց նա:
Կարինե Դանիելյանը հիշեցրեց, որ Հայաստանում այսօր առկա է 21 պոչամբար, որոնցից որևէ մեկը որևէ ստանդարտի չի համապատասխանում: Ախթալայի պոչամբարը, օրինակ, շոտ մոտ է դպրոցին, կողքը խմելու ջրի աղբյուրն է:
Անդրադառնալով քաղաքաշինության թեմային՝ բանախոսը շեշտեց, որ Երևանի վերջին տարիների կառուցապատումը բացարձակ հակաէկոլոգիական է և բարձրացրել է աղետների ռիսկերը:
«Հյուսիսային պողոտայի շենքերը, ըստ կառավարության նախնական որոշման, չպետք է բարձր լինեին Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքից, բայց այսօր եկեք և տեսեք՝ ինչ բարձրահարկեր են այնտեղ: Կարծես հատուկ՝ բարձրահարկեր են կառուցվում հենց դպրոցների կողքին՝ հաճախ մի քանի մետր հեռավորության վրա: Երկրաշարժերի ժամանակ այդ բարձրահարկերը փլվելու են ուղիղ դպրոցների վրա»,- նշեց բնապահպանը:
Կարինե Դանիելյանը կարևորեց ավագ դպրոցում էկոլոգիայի հիմունքներ առարկայի ներառումը: