Կառավարությունը ծրագրերն ուղղում է բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցմանը. ԱԻ նախարար
2017 թվականի ապրիլին ՀՀ կառավարության որոշմամբ ընդունվեց աղետների ռիսկի կառավարման ազգային նոր ռազմավարություն, ինչը հիմնական ուղեցույց է մինչև 2030 թվականը: Այսպիսով, ՀՀ կառավարությունն իր ծրագրերը նպատակաուղղում է բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցմանը, հնարավոր հետևանքների կանխարգելմանը և վերացմանը: Այսօր՝ «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, այս մասին ասաց ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ռազմավարության հիմնական ուղերձը մեր երկրում դիմակայության մշակույթի ձևավորումն ու զարգացումն է: Այս մոտեցմամբ կարևորվում է հանրային լայն մասնակցություն աղետների ռիսկի նվազեցման գործում՝ սկսած իրազեկման ձևաչափերից մինչև օրենսդրական դաշտի բարելավում:
Նոր ռազմավարության իրականացման հիմնական մոտեցումը ծրագրերի ձևաչափն է: Այդ մոտեցմամբ աղետների ռիսկի կառավարման ոլորտը արձագանքող ձևաչափից տեղափոխվում է ավելի պրոակտիվ օրակարգի՝ հիմնական շեշտը դնելով հնարավոր ռիսկերի բացահայտման և կանխարգելման վրա: Նման մոտեցումը պահանջում է մոտեցումների մշտական զարգացման գործընթաց»,- նշեց ԱԻ նախարարը:
Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ Հայաստանը հայտ է ներկայացրել 2018 թվականին հյուրընկալելու տարածաշրջանային ֆորում՝ աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում ասիական տարածաշրջանի պլատֆորմի ֆորումը:
Ամփոփելով՝ նախարարը թվարկեց կառավարության հնգամյա ծրագրի ոլորտային մի քանի ուղղություն՝ թվային կապի կիրառմամբ աղետների վաղ ազդարարման ժամանակակից համակարգի ներդրում, փրկարարական ուժերի շարունակական զարգացում, աղետների ժամանակ բժշկության համակարգի կատարելագործում, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կարողությունների զարգացում, սեյսմիկ ծառայության որակի էական բարելավում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան