Բանակցային գործընթացում գուցեև որոշ անկանկալներ լինեն. Կորյուն Նահապետյան
Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացի վերսկսումը կարող է կարևոր նշանակություն ունենալ բոլոր կողմերի համար։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել հոկտեմբերի 16-ին Ժնևում Սարգսյան-Ալիև հանդիպումից, պատգամավորը պատասխանեց, որ պետք է հաշվի առնել հանդիպմանը նախորդած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները։
«Այդ առումով որևէ դրական բան չեմ կարող ասել, որովհետև Ադրբեջանը շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը, իրականացնում է ագրեսիվ գործողություններ, որոնք փաստում են միայն մի բանի մասին. հազիվ թե կարելի է ակնկալել իրենց քաղաքականության վերանայում: Բայց բոլոր դեպքերում սպասենք, տեսնենք, թե ինչ ընթացք կունենան այդ բանակցությունները: Գուցեև որոշ անկանկալներ լինեն»,- նշեց Կորյուն Նահապետյանը:
Խորհրդարանականը հիշեցրեց, որ հայկական կողմը հավատարիմ է իր դիրքորոշմանը, Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններն էլ անպայման պետք է կյանքի կոչվեն:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ հողերի վերադարձի հարց քննարկվի։ Կորյուն Նահապետյանն ի պատասխան նկատեց՝ չի կարծում:
«Մենք պետք է նկատի ունենանք, որ թե նախկինում տեղի ունեցած բանակցությունները և թե հետագայում շարունակվող բանակցությունները ունեն իրենց հստակ օրակարգը: Առաջիկայում բացառում եմ, որ նման հարցեր կարող են քննարկման առարկա լինել», - ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ հայկական կողմի համար ամենակարևորը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորումն է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան