Եզդիները սկսել են ավելի քիչ ոչխար պահել
Մատաղի գառ գտնելն այս օրերին Հայաստանում դժվար բան է: Ոչխարի հոտեր ունեցող եզդիներն ասում են՝ գառներն արդեն վաճառված են, մի քանի օրից իրանցի գնորդները կտանեն նրանց:
«Եզդիների ազգային միություն» հ/կ նախագահ Ազիզ Թամոյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ իր ազգակիցները նախ սկսել են շատ արտագաղթել, ապա քիչ ոչխար պահել:
«Շատերը գնում են Հայաստանից: Ունեցած-չունեցածը վաճառում են ու գնում»,-ասաց Թամոյանը:
Նրա խոսքով, եթե անցած տարի մեկ գառը վաճառվում էր մոտ 30-35 հազար դրամով, ապա հիմա մի գառի գինը 45-50 հազար է:
«Մի բան որ չի լինում, թանկ է: Իրանցիները հավաքեցին տարան, նաև արաբական երկրներ տարան»,-ասաց Թամոյանը:
Արագածոտնի մարզի եզդիաբնակ Ջամշլուի գյուղապետ Միրազմ Ուռուսյանը Panorama.am-ին ասաց, որ իրենց համայնքում բնակիչները քիչ են պահում՝ առավելագույնը 50 հատ: Եղանակային պայմանների հետևանքով այստեղ անասուն պահելը եկամտաբեր չէ, 7-8 ամիս դաշտերում խոտ չի լինում, մեծ քանակությամբ անասնակեր է պետք:
Չնայած դրան, այս համայնքում էլ խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների թիվը նվազել է:
«Անցած տարի երկու նախիր էր դուրս գալիս արոտ՝ մոտ 400 գլուխ անասուն կար, իսկ էս տարի մոտ 300 գլուխ է: Խոշոր անասուններն էլ 150-180 գլուխ պակասել են, սա մենակ մեր գյուղում: Մարդիկ վարկերի տակ են, վաճառում են անասունները, վարկերն են տալիս, նոր անասուն չեն կարողանում առնել, դրա համար էլ քչացել է»,-ասաց գյուղապետը:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, այս տարվա առաջին ութ ամիսներին Հայաստանից կենդանի կենդանիների ու կենդանական ծագման արտադրանքի արտահանման ծավալներն ավելացել են 62 տոկոսով:
Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2016-ի առաջին կիսամյակում արտահանվել է 1400 հատ կենդանի խոշոր եղջերավոր անասուն, իսկ այս տարվա առաջին վեց ամիսներին՝ 6 900 անասուն:
Կենդանի ոչխարների ու այծերի արտահանումը նվազել է, եթե 2016-ի առաջին վեց ամիսներին արտահանվել է 3 հազար հատ ոչխար ու այծ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 200 հատ:
Դրա փոխարեն զգալիորեն ավելացել է ոչխարի ու այծի մսի արտահանումը՝ 2016-ի հունվար-հունիսի ընթացքում արտահանվել է 324 տոննա, իսկ այս տարվա վեց ամիսներին՝ 580 տոննա:
Հարակից հրապարակումներ`
- Պետք չի խուճապի մատնվել. Իգնատի Առաքելյանը՝ մսի թանկացման մասին
- Մսի թանկացման պատճառները մեկնաբանում են մասնագետները
- Շուկայի պահանջարկն է գին ձևավորում. գյուղնախարարը՝ մսի թանկացման մասին
- Տավարի մսի թանկացման պատճառը Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է. «Հրապարակ»
- Մսի գինը կհասնի 5000 դրամի. «Ժամանակ»
- Հայաստանը մոտ 50 անգամ ավելի ոչխար է արտահանել Իրան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան