Նախագահը շնորհավորել է դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին հոբելյանի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանին 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին արևշատություն, նոր ձեռքբերումներ և ամենայն բարիք:
«Դուք մշակույթի այն երախտավորներից եք, որի վաստակն ու երաժշտարվեստին անմնացորդ ծառայությունն ակնածանքի են արժանի:
Որպես հայ ժողովրդի արժանավոր զավակ՝ Դուք մեծ ներդրում ունեք մեր պետականության կայացման, նրա մշակույթի զորացման գործում: Երկար տարիներ ղեկավարելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ արվեստագետի, մտավորականի, հայրենասեր հայի վառ կերպարով մեծ դերակատարություն եք ունեցել մեր երկրի մշակութային-հասարակական կյանքում:
Ուրախալի է, որ այսօր էլ, շարունակելով Ձեր ակտիվ գործունեությունը, հարստացնելով դիրիժորական և կոմպոզիտորական արվեստի լավագույն ավանդույթները՝ մեծ ավանդ եք բերում միջմշակութային երկխոսության կայացման և ամրապնդման գործում»,-ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: