Մշակվում է ինովացիոն ոլորտի ռազմավարությունը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում ՓՄՁ զարգացմանը» նախագծի շրջանակում, Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության աջակցությամբ նախաձեռնել է Հայաստանում ինովացիոն էկոհամակարգի քարտեզագրման և ինովացիոն ոլորտի ռազմավարության մշակման ուղղությամբ աշխատանքները:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 13-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է ծրագրի միջազգային փորձագետներ Դանիել Կոսնիտանին և Մայքլ Գուֆին:
Նախարարն ընդգծել է ինովացիոն ոլորտի արդիական ռազմավարության և դրա հիման վրա մշակված միջոցառումների կարևորությունը` Հայաստանի ամբողջ տնտեսության մրցունակության և դրան հասնելու ուղիները նախանշելու տեսակետից։
Նախարար Սուրեն Կարայանի և նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի՝ նախագծի միջազգային և տեղական փորձագետների հետ հանդիպման ժամանակ համառոտ ներկայացվել են նախագծի իրականացման նպատակները, խնդիրները, Հայաստանում պետական և մասնավոր հատվածի, գիտական և տեխնոլոգիական հանրության և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումների արդյունքները:
Սուրեն Կարայանը հաջողություն է մաղթել մեկնարկած աշխատանքներին, որոնք կամփոփվեն 2017թ. վերջին` ինովացիոն ոլորտի ռազմավարության նախնական նախագծի տեսքով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում