ՍԱՊԾ-ն՝ ռուսական կասկածների մասին. Ռուս գործընկերներին տրվել են սպառիչ հիմնավորումներ
«ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունից ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չի ստացել որևէ գրություն կամ պարզաբանում՝ մակնշման պահանջները փոփոխելու վերաբերյալ»,-այս մասին Panorama.am-ին ասաց Սննդամթերքի անվտագության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:
Հիշեցնենք, որ Ռոսսելխոզնադզոր Հայաստանին կասկածում է ռուսական շուկա թուրքական լոլիկ արտահանելու մեջ: ՌԴ պետական մարմինը հայտարարել էր, որ վերահսկողությունն ուժեղացնելու է:
«Այսօր Հայաստանի Հանրապետությունից թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվում է ԵՏՀ խորհրդի թիվ 157 որոշմամբ սահմանված մակշմանը ներկայացվող պահանջներին համապատասխան՝ նշելով արտադրանքի յուրաքանչյուր փաթեթվածքի վրա ապրանքատեսակի անվանման, դրա ծագման երկրի, արտահանող երկրի և/կամ վերարտահանող երկրի մասին տեղեկատվություն»,-ասաց ծառայության մամուլի խոսնակը:
Ինչ վերաբերում է լոլիկի արտահանմանը, ապա Ն. Առաքելյանն ասաց, որ ռուս գործընկերներին այս ընթացքում պարբերաբար տրվել են արտադրության ծավալների մասին սպառիչ հիմնավորումներ:
«Ավելին՝ վերջին անգամ այս տարվա մարտի վերջին են ՌԴ անասնաբուժական և
բուսասանիտարական հսկողության դաշնային և մաքսային ծառայությունների ներկայացուցիչներն այցելել մեր հանրապետության ջերմոցային տնտեսություններ, համադրել լոլիկի արտադրության և արտահանման ծավալները, հավաստիացել հզորությունների առկայության մեջ (տես հղումը) »,-նշեց Ն. Առաքելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանը Հայաստանին կասկածում է ռուսական շուկա թուրքական լոլիկ արտահանելու մեջ
- Պուտինն Էրդողանի հետ քննարկել է ՌԴ թուրքական լոլիկի մատակարարումը
- Թուրքական լոլիկը ռուսական շուկա չի մտնի