Ռազռեշայու կռասիծ վ սինի ցվետ
Կառավարությունը նախօրեին ընդունել է որոշում, որը վերաբերում է ազգային ճարտարապետության ավանդույթներով հարուստ, ներդաշնակ գունային լուծումներով և զբոսաշրջության համար գրավչություն ներկայացնող կառուցապատ թաղամասեր ունենալու հարցին: Փաստաթղթի նպատակն է կանոնակարգել կառուցվող շենքերի ճարտարապետական ոճերը, ճակատային լուծումներն ու դրանց շեշտադրող տարրերը, հորինվածքները, զարդաքանդակները, արտաքին դռների ու պատուհանների համաչափությունները և տանիքների ներդաշնակ գունային լուծումները:
Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ վաղուց են քննարկել այդ որոշման նախագիծը, վերջապես այն ընդունվեց:
«Նման ռելեֆ ունեցող քաղաքում, ինչպիսին Երևանն է, ամեն տեղից երևում են տանիքները, զարհուրելի տեսարան է: Ում ձեռքի տակ ինչ ընկնում է, ներկում է: Պետք է կանոնակարգվի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նոր կառուցվող շենքերին, նա նշեց, որ ամեն ինչ պետք է համահունչ լինի միջավայրին: Հարցին, եթե ի՞նչ որ մեկը շենք է կառուցում, ուզում է տանիքը, օրինակ, կապույտ լինի, կարո՞ղ է. «Եթե այդ տարածքում չկա այդ գույնի տանիք, չի կարող ներկել»:
Ճշտող հարցին՝ այս կանոնակարգմամբ դա արգելվո՞ւմ է, Մ. Մինասյանն ասաց. «Այո, իհարկե»:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանի խոսքով, անհրաժեշտ որոշում է, նույնիսկ ուշացած, սակայն ինչքանով է իրատեսական, ժամանակը ցույց կտա:
«Հիմա շատ բան փչացած է, բոլորն ուղղելու համար հսկայական միջոցներ են անհրաժեշտ»,- հավելեց նա:
Ճարտարապետ Յուրի Սաֆարյանն ասաց, որ ճարտարապետությունը դաստիարակում է մարդուն, ինչը կարևոր հանգամանք է, «իսկ այսօր նայում ես, խայտաբղետութունից ձեռքերդ թափ տված ման ես գալիս»:
«Վերևից որ նայում ենք քաղաքին, ամեն ինչ խայտաբղետ է: Աշխարհում ոչ մի տեղ այդպիսի բան չկա: Եկել է ժամանակը, որ մեր քաղաքն ունենա իր ուրույն տեսքը: Եկել է ժամանակը, մի բան էլ անցել է»,- հավելեց նա:
Ճարտարապետի խոսքով, շենքային մեկ համալիրի ձևաչափը, գունային գամման մեկը պետք է լինի, որ «մարդիկ նայեն ու հասկական, որ սա Հայաստանն է, ոչ թե քրդի բազար»:
Որոշ ճարտարապետներ չխոսեցին այս թեմայով, որպեսզի «թիրախի տակ չհայտնվեն»։
Այս չխոսելը շատ բան է ասում։
Հարակից հրապարակումներ`
- Կկանոնակարգվեն շենքերի ճակատների հորինվածքների, արտաքին դռների, պատուհանների և տանիքների գունային լուծումները
- Առաջարկ. Սահմանել շենք-շինությունների տանիքների ու արտաքին այլ տարրերի միասնական ոճ
- Արվեստագետները՝ Երևանի այսօրվա արտաքին տեսքի մասին
- «Մեջտեղ եկավ «Հին Երևան» ծրագիրը, որն իրենից բացարձակապես պատմական արժեք ներկայացնել չի կարող»
- Ջրենք առվույտ ու տույա
- Չպահպանված հուշարձաններ. Աբաս միրզայի մզկիթի պատն այլևս մատաղ է արված
- Քարմեջ արված Հին Երևան
- Երևանի արտաքին տեսքին վերաբերող հիմնական խնդիրները. Բարձրաձայնում են ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
- Խառնիճաղանջ գովազդը խաթարում է Երևանի տեսքը, քաղաքապետարանում մտածում են չափորոշիչները փոխելու մասին