Արաբագետ. Սիրիայում իսլամիստների դեմ վերջնական հաջողությունն արդեն տեսանելի ապագայի հարց է
«Նախօրեին՝ ուշ երեկոյան, մի շարք արաբական լրատվամիջոցներ հաղորդեցին Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կենտրոնը հանդիսացող ալ-Ռակկա քաղաքի ազատագրման գործողության ավարտի մասին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Նա հիշեցնում է, որ Ալ-Ռակկայի ռազմագործողությունն իրականացնում էին հիմնականում քրդական, նաև որոշ արաբական զորամիավորումներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոչված կառույցը՝ ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կոալիցիոն օդուժի աջակցությամբ:
«Ցայժմ հայտնի տեղեկատվության համաձայն՝ քաղաքն անմխիթար վիճակում է՝ բավական թեժ ռազմական գործողությունների հետևանքով, տևական ժամանակ անհրաժեշտ կլինի նրա մաքրման և ենթակառուցվածքների վերականգնման համար:
Իսկ իսլամականների վերջին հանգրվանը Սիրիայի Դեյր Զոր նահանգում զբաղեցրած բավական սահմանափակ տարածքն է, որտեղ արդեն ահաբեկչական կառույցի դեմ գործում են սիրիական կառավարական ուժերը, նրանց հարող զորամիավորումները՝ ռուսական օդատիեզերական ուժերի աջակցությամբ. այս ուղղությամբ ևս ռազմական հարթությունում վերջնական հաջողությունն արդեն տեսանելի ապագայի հարց է»,-գրում է Արմեն Պետրոսյանը: