«1 տարի առանց Սևանի երկրային ներկայության»
Մեկ տարի առաջ 48 տարեկանում Երևանում մահացավ բեյրութահայ նկարչուհի, անիմատոր Սևան Նագգաշյանը: «Հայ ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը, «Արեգնազան» կրթահամալիրը, «Նարեկացի» արվեստի միությունը, «Դալան» սրճարանը, Նագգաշյան ընտանիքը, Սևանի ընկերները և «Հավեսին սենյակը» կազմակերպել են հուշ-շաբաթ` նվիրված Սևան Նագգաշյանի հիշատակին:
«Հիշենք Սևանին, վայելենք նրա ստեղծագործությունները, աշխատենք նրա ոճով» միջոցառումներն անցկացվում են Երևանում և Տավուշում:
Այսօր ժ. 16:00-ին, Դալան սրճարանում (հասցեն` Երևան, Աբովյան 12) կկայանա Սևան Նագգաշյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կգործի նաև վաղը:
Հոկտեմբերի 21-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա նկարչուհի Սևան Նագգաշյանի մահվան տարելիցին նվիրված «Սևանն ի՞նչ կասեր...» խորագիրը կրող հիշատակի երեկոն: Հուշ-երեկոյին ներկա կլինեն նկարչուհու ընկերները, հարազատներն ու բարեկամները: Սևան Նագգաշյանը եղել է «Նարեկացի» արվեստի միության գեղանկարչական մասով գեղարվեստական ղեկավար, ՆԱՄ հրատարակությունների նկարիչ-ձևավորող և էջադրող, համադրել և կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ:
Նշենք, որ հոկտեմբերի 12-ին Տավուշի մարզի Վազաշեն համայնքում գործող Սևան Նաղաշի «Հավեսին սենյակ»-ում «Արեգնազան»-ի ուսուցիչների մասնակցությամբ գյուղի աշակերտուհիների համար անցկացվել էր բատիկայի ուսուցման վարպետաց դաս:
Սևան Նագգաշյանը միջնադարյան բանաստեղծ, նկարիչ, աշուղ Նաղաշ Հովնաթանի տոհմի ժառանգն է: Սեբաստիա-Երուսաղեմ-Բեյրութ. այս ճանապարհն անցնելով է Սևանի պապը փրկվել ցեղասպանությունից ու հաստատվել Բեյրութում, որտեղ էլ հայտնի գրող, հասարակական գործիչ Հայկ Նագգաշյանի ընտանիքում 1968թ. նոյեմբեր 27-ին ծնվել է Սևանը: Սևան Նագգաշյանը սովորել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժնում (1986-1992 թ.թ.), որտեղ ևս երեք տարի շարունակել է ուսումն ու մասնագիտացել կերպարվեստի մեջ: 2009-2011 թ.թ. ուսումնասիրել է Եվրոպայի արվեստի աշխարհն ու թանգարանները: Ունեցել է անհատական և խմբային ցուցահանդեսներ Լիբանանում, Հայաստանում, Հոլանդիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և Կանադայում: Սևանի նկարները գտնվում են աշխարհի տարբեր երկրների մասնավոր և պետական հավաքածուներում: Սևան Նագգաշյանը աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայի անիմացիայի բաժնում, ինչպես նաև Մոնրեալի անիմացիայի գլխավոր ստուդիաներում: Հիշարժան ֆիլմերից են Սիլվեն Շոմեի «The Old Lady and the Pigeons»-ը և «The Belleville Triplets»-ը, Ռուբեն Հախվերդյանի երկու երգերի մուլտֆիլմերը («Զատիկ» և «Օրոր») և «Զատիկ» DVD-գրքի ձևավորումը: Անիմացիոն ֆիլմերի «Ռեանիմանիա» միջազգային փառատոնի կազմակերպման ակտիվ մասնակիցներից է, եղել է ժյուրիի անդամ։ 2014 թ. կազմակերպել և համադրել է «Արվեստը` սահմանին» ցուցահանդեսը, որի նպատակն էր Վազաշենի խնդիրները ներկայացնելով` հասարակության ուշադրությունը կենտրոնացնել սահմանամերձ գյուղերի հիմնահարցի վրա:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանամերձ Վազաշենում բացվել է Սևան Նաղաշի «Հավեսին սենյակը»
- Հուշ-երեկո` նվիրված Սևան Նագաշյանի ծննդյան տարեդարձին
- «ՌեԱնիմանիա» փառատոնը մեկնարկել է՝ հարգանքի տուրք մատուցելով Սևան Նագաշյանի հիշատակին
- Սևանը մնաց իր հեքիաթային աշխարհում՝ ստվերներով, մշուշային կերպարներով լի. Վահան Արծրունի
- Մահացել է նկարչուհի Սևան Նագաշյանը