Վանում շարունակվում են պեղումները
Թուրքիայում խորհրդակցական ժողով է տեղի ունեցել` Վանի ամրոցում և հին Վան քաղաքում իրականացվող պեղումների վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները:
Ժողովի ժամանակ ներկայացված զեկուցումներում շեշտվել է այս աշխատանքների կարևորությունը` Թուրքիայում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:
«Արևելյան Անատոլիայի զարգացման գործակալության» շենքում կայացած ժողովին ելույթ ունեցած գործակալության գլխավոր քարտուղար Հալիլ Իբրահիմ Գյուրայը նշել է. «Անընդհատ ասում ենք, թե «Վանը քաղաքակրթությունների քաղաք է», բայց միայն ասելը բավարար չէ: Պետք է այդ քաղաքակրթությունները մեջտեղ հանվեն: Մեր նպատակն է հին Վան քաղաքի բացահայտումը: Մեր կազմակերպությունն աջակցում է այս գործին: Պեղումները կատարող խումբը լավն է: Շարունակում ենք համակարգված կերպով աշխատել նրանց հետ: Այլևս կոնկրետ քայլեր կատարելու ժամանակն է: Վանում շատ լուրջ գանձարան ունենք»:
Այնուհետև ելույթ է ունեցել դոկտոր Էրքան Քոնյարը, որը լուսանկարներ ցույց տալով` ներկայացրել է 2002 թ. մինչ օրս իրականացվող պեղումների ընթացքը: Նա մասնավորապես հայտնել է, որ աշխատանքները պետք է փուլերով կատարվեն, և որ թուրքական 5 համալսարաններից 12 գիտնականներ են մասնակցում դրանց: Նա նաև նշել է, որ աշխատանքների ընթացքում օգտվել են անգլիական և ամերիկյան արխիվներից ու Ստամբուլի համալսարանի գրադարանից, ինչպես նաև` 5-րդ դարի հայկական աղբյուրներից:
Էրքան Քոնյարը նաև հայտնել է, որ ուսումնասիրվող տարածքում առկա են մի շարք եկեղեցիներ և շեշտել. «7 եկեղեցի կա այնտեղ: Դրանցից մեկն անպայման պետք է վերականգնենք: Պետք է շեշտ դրվի նաև բազմամշակութայնության վրա: Միգուցե վերականգնվելիք եկեղեցում նաև կրոնական արարողություններ կատարվեն: Դա կարող է անել թանգարանի տնօրինությունը»:
Հարակից հրապարակումներ`
- 9 ամսում Վանի Աղթամար կղզի է այցելել 109 հազար զբոսաշրջիկ
- Գարո Փայլանն այցելել է Վանի անարգված հայկական գերեզմանոց
- Վանի հայկական գերեզմանատանը հանրային զուգարաններ կառուցելու հարցը տեղափոխվել է մեջլիս
- «Վան. կորուսյալ մայրաքաղաք» ցուցադրությունը՝ «Էրեբունի»-ում
- Վանի բերդը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում
- Վանի հայկական պատմական եկեղեցին թուրք զինվորներն օգտագործել են որպես զուգարան