Ակնհայտ է՝ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը նոյեմբերին չի ստորագրվելու. վերլուծաբան
Երբ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստում բացակայում է տնտեսական բաղադրիչը, դա իսկապես շատ մտահոգիչ է։ Բայց գոնե այն, ինչ ունենք, բավարար է Եվրամիության հետ հարաբերությունները բարելավելու համար։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Անուշ Սեդրակյանը։
«Սակայն այստեղ մի մտավախություն կա։ Բանակցային գործընթացին հայկական կողմի մասնակցությունից և հարցազրույցներից ակնհայտ է դառնում, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը նոյեմբերին չի ստորագրվելու։ Սա կանխատեսում է, որի մեջ ես գրեթե 100 տոկոսով վստահ եմ։ Առաջին անգամ, երբ երկու ամիս առաջ ես պահանջեցի հրապարակել Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի տեքստը, այն այդպես էլ չհրապարակվեց։ Նախորդ համաձայնագիրը տապալվեց հենց գաղտնիության շղարշի ներքո։ Ոչ ոք տեղյակ չէր՝ ինչպիսին է այն և միայն ենթադրություններ էին արվում։
Ինձ մտահոգում է երկու փաստ, որ կապ ունեն դավադրության տեսության հետ։ Առաջին հերթին, նոր փաստաթուղթը երեկ հրապարակվեց Եվրոպական Միության խորհրդի կողմից։ Դրանով եվրոպական կողմը ցույց տվեց, որ ցանկանում է գործընթացը թափանցիկ դարձնել։ Մինչդեռ հայկական կողմը, կարծես, գաղտնիության կողմնակիցն է։ Երկրորդ, մեկնաբանություններում կա այն կետը, որ համաձայնագիրն այնքան էլ պատրաստ չէ ստորագրման։ Ի՞նչ ասել է «պատրաստ չէ»։ Սա շատ մտահոգիչ է։ Ես անում եմ իմ քաղաքական կանխատեսումը և ասում, որ այդ պայմանագիրը չի ստորագրվելու։ ՀՀ իշխանություններն ինչ-որ պատրվակներ են գտնելու և չեն ստորագրելու փաստաթուղթը։ Իսկ Եվրոպայի՝ երկրորդ անգամ Հայաստանին մեկնած ձեռքը երրորդ անգամ չի մեկնվելու»,- համոզմունք հայտնեց վերլուծաբանը։
Հիշեցնենք, որ երեկ Եվրոպական Միության խորհուրդը հրապարակել է Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 357 էջից բաղկացած տեքստը, որի ոչ պաշտոնական թարգմանությունը ներկայացրել է ՀՀ ԱԳՆ–ն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան